SpaceX-ը թույլտվություն է ստացել տիեզերական տվյալների կենտրոնների համար արձակել մինչև 1 միլիոն արբանյակ

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը թույլտվություն է ստացել տիեզերքում տվյալների կենտրոնների ցանց ստեղծելու նպատակով տեղակայել մինչև 1 միլիոն արբանյակ․ հայտնել է ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը։

«Starmind» կոչվող արբանյակային խմբավորումը նախատեսված է Երկրի վրա օգտագործման համար նախատեսված մեծ ծավալի տվյալների մշակման, ինչպես նաև գերինտելեկտի (superintelligence) համար անհրաժեշտ հաշվողական հզորության աճող պահանջարկը բավարարելու համար։ Գերատեսչությունը նշել է, որ սա առաջին նմանատիպ թույլտվությունն է ԱՄՆ պատմության մեջ։

«Հաշվողական համալիրները՝ կամ տվյալների կենտրոնները, էական նշանակություն ունեն գերինտելեկտի ոլորտում Ամերիկայի առաջատար դիրքը պահպանելու համար»,- հայտարարել է FCC-ի հանձնակատար Բրենդան Քարը։

Ըստ Քարի՝ հաշվողական ենթակառուցվածքը Երկրից դուրս տեղափոխելը կարող է օգնել միավորել ԱՄՆ-ի ձեռքբերումները տիեզերական ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումների հետ՝ միաժամանակ ամրապնդելով երկրի տնտեսական առաջատարությունը։

FCC-ն կարծիքով՝ այս նախագիծը կարող է մարդկությանը մոտեցնել Կարդաշևի սանդղակով II տիպի քաղաքակրթության վերածվելուն. դա քաղաքակրթություն է, որն ունակ է օգտագործել Արեգակի արձակած ամբողջ էներգիան։

Համակարգը համապատասխանում է տիեզերական աղբին վերաբերող կարգավորող պահանջներին։ SpaceX-ին թույլտվություն է տրվել օգտագործել ռադիոհաճախական կապը՝ որպես պահուստային և վթարային միջոց՝ հեռաչափության, հետևման և տիեզերանավերի կառավարման, ինչպես նաև տիեզերանավերի միջև օպտիկական կապուղիները լրացնելու նպատակով։

Հանձնաժողովը շարունակում է դիտարկել ուղեծրային տվյալների կենտրոնների ստեղծման վերաբերյալ այլ հայտեր և մտադիր է հնարավորինս արագ որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ։

Կարդաշեւի սանդղակն առաջարկվել է 1964 թվականին խորհրդային աստղաֆիզիկոս Նիկոլայ Կարդաշեւի կողմից։ Այն դասակարգում է հիպոթետիկ քաղաքակրթությունները երեք տիպի՝ հիմնվելով մոլորակի, աստղի կամ գալակտիկայի էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու նրանց կարողության վրա։

Leave a comment