Խաբեությամբ ՀՀ են բերել կանանց, մեկուսացրել և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի է կալանավորվել (ՎԻԴԵՈ)

Երևանի հյուրանոցում և Ջրվեժի առանձնատանը կանանց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ ճանապարհով ստացված գումարը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացի տղամարդիկ, նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, շահագործման նպատակով հավաքագրել են այլ երկրներում ապրող կանանց ու աղջիկների և բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։ Բացահայտվել է նման երկու դեպք։

«Մի դեպքում կանայք տեղափոխվել են Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացի մի տղամարդ, օգտագործելով կանանց անօգնական և խոցելի վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել է նրանց՝ գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։

Նմանատիպ երկրորդ դեպքում սեռական շահագործումը կազմակերպվել էր Ջրվեժ գյուղում։ Այստեղի առանձնատներից մեկում օտարերկրացի երկու տղամարդ առանձին սենյակներում մեկուսացրել են խաբեությամբ Հայաստան տեղափոխված կանանց՝ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և վերցրել այդ ճանապարհով ստացված գումարը», – նշված է հաղորդագրության մեջ։

Օպերատիվ տվյալներն իրացվել են նոյեմբերի 16-ին։ Հիշյալ հյուրանոցից և Ջրվեժ գյուղի առանձնատնից մի խումբ անձինք տեղափոխվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ Մարդու թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ զոհերից ընդունվել են հաղորդումներ։ Օտարերկրացի երեք տղամարդիկ ձերբակալվեցին։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օտարերկրացի տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։





Leave a comment