«ՏՆՋՐԵ»-ի գործունեությունը ևս մեկ անգամ փաստում է՝ Արցախը միայն աշխարհագրական տարածք չէ. Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է.

«Այսօր առանձնահատուկ և խորհրդանշական օր է․ նշում ենք ոչ միայն հայ ժողովրդի քաջարի զավակ, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը , այլև՝ «ՏՆՋՐԵ» ավանդական երգի ու պարի համույթի հիմնադրման 13-րդ տարեդարձը։

Արցախի Հանրապետության ժամանակավոր բռնազավթման և արցախահայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված ծանր պայմաններում «ՏՆՋՐԵ» համույթը ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը։ Սակայն եռամյա ընդմիջումից հետո համույթի վերջին կազմը, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու ազգային արժեքներին, վերականգնել է գործունեությունը Մայր Հայաստանում։

Սա պարզապես մշակութային գործունեության վերսկսում չէ․ այն ազգային ինքնության պահպանման, պատմական հիշողության շարունակականության և հայրենի մշակութային ժառանգությանը հավատարիմ մնալու կարևոր դրսևորում է։

«ՏՆՋՐԵ»-ի գործունեությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախը միայն աշխարհագրական տարածք չէ․ այն մեր երգի, պարի, ավանդույթների, մշակույթի և ազգային ինքնության անբաժանելի մասն է։ Եվ որքան էլ ծանր լինեն ժամանակները, ազգային մշակույթը շարունակելու, պահպանելու և սերունդներին փոխանցելու կամքը մնում է անսասան։

Սրտանց շնորհավորում եմ «ՏՆՋՐԵ» ավանդական երգի ու պարի համույթի անդամներին՝ հիմնադրման 13-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ, տոկունություն և անսպառ եռանդ՝ հայկական, մասնավորապես՝ արցախյան երգն ու պարը պահպանելու, հանրահռչակելու և հաջորդ սերունդներին փոխանցելու նվիրական գործում։

Թող «ՏՆՋՐԵ»-ի երգն ու պարը շարունակեն հնչել՝ որպես մեր ազգային հիշողության, արժանապատվության և մշակութային անխզելի կապի կենդանի վկայություն։

Հետևե՛ք «ՏՆՋՐԵ» ավանդական երգի ու պարի համույթի գործունեությանը, ծանոթացե՛ք նրա նախաձեռնություններին և աջակցե՛ք արցախյան մշակութային ավանդույթների պահպանմանն ու տարածմանը։

Պաշտոնական ֆեյսբուքյան էջ՝

https://www.facebook.com/Tnjre»։

 

 

Leave a comment