«Ի՞նչ կա դրա մեջ». նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ նեղացած է իր նախկին քաղաքական թիմից
Հայաստանի խորհրդարանի իշխող «ՔՊ» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ նեղացած է իր նախկին քաղաքական թիմից։ Դրա մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի ցուցադրության շրջանակում։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք իսկապե.ս նեղացել է քաղաքական թիմի իր նախկին գործընկերներից՝ Սարգսյանը հաստատել է. «Այո՛, ասել եմ, որ նեղացել եմ։ Ի՞նչ կա դրա մեջ»։
Անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմին՝ նախկին պատգամավորը դրա ստեղծումը կարևոր նախաձեռնություն է համարել, որը կօգնի երիտասարդ սերնդին ավելի լավ ճանաչել Հայաստանի ազգային հերոսին և հասկանալ նրա անցած ուղին։
«Նրանք իմ սիրելի ազգային հերոսներն են՝ և՛ Վազգեն Սարգսյանը, և՛ Մոնթե Մելքոնյանը։ Շատ ուրախ եմ, որ ընկերներիս նախաձեռնության շնորհիվ այժմ նաև ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ կունենանք։ Դա շատ կարևոր է. երիտասարդ սերնդին ավելի հեշտ կլինի բացատրել, թե իրականում ով էր Մոնթե Մելքոնյանը»,- ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի ֆիլմի միջոցով դիտողներին փոխանցել ապրած հույզերն ու հերոսի պատմությունը։
Հարցին՝ արդյո՞ք իշխանության ներկայացուցիչների՝ ֆիլմի ցուցադրությանը գալը համարձակ քայլ է, Սարգսյանը պատասխանել է, որ դրանում առանձնակի համարձակություն չի տեսնում. նա նշել է, որ Մոնթե Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս է, և այդ կարգավիճակը կասկածի ենթակա չէ։
Նա հիշեցրել է նաև, որ Մելքոնյանի անունն են կրում Հայաստանում գործող ուսումնական կենտրոն, փողոց, ինչպես նաև այլ հաստատություններ։