2026 թվականի առաջին կիսամյակում չարագործները 659 միլիոն ֆունտ ստեռլինգ (863 միլիոն դոլար) են գողացել Մեծ Բրիտանիայի բնակիչներից, որից 316 միլիոն ֆունտը (414 միլիոն դոլարը)՝ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Financial Times» (FT) թերթը:
22%-ով ավելացել է արհեստական բանականության օգտագործմամբ խարդախությունների թիվը՝ կապված առանց հաճախորդի կամավոր համաձայնության վճարումների հետ: Նման կերպով հափշտակված միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 400 միլիոն դոլարը։ Ներդրումների հետ կապված խարդախությունների հետևանքով վնասները 29%-ով աճել են 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ և հասել 165 միլիոն դոլարի. միջին հաշվով տուժողներից յուրաքանչյուրը կորցրել է գրեթե 21 000 դոլար։ Գնումներ կատարելիս խարդախություններից կրած վնասներն աճել են գրեթե մեկ քառորդով՝ մինչև 86 միլիոն դոլար՝ հասնելով առավելագույնին՝ 2020 թվականին վիճակագրությունը սկսելուց ի վեր։
«UK Finance»-ի (բանկերի ճյուղային ասոցիացիայի) խարդախությունների դեմ պայքարի ոլորտում քաղաքականության և գործառնությունների հարցերով տնօրեն Նինա Կերկեզի խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբավորումներն օգտագործում են ԱԲ-ն՝ «ստեղծելու հուսալիության խաբուսիկություն» և ավելի ճկուն կոնտենտի զանգվածային գործարկում։ Շորթման նման փորձերը գնալով ավելի հաճախ իրականացվում են ոչ թե մարդկանց, այլ ավտոմատացված համակարգերի կողմից։ Հանցագործները ԱԲ գործակալներին գործի են դնում հաղորդագրությունների և էլեկտրոնային նամակների զանգվածային առաքման, ինչպես նաև ավտոմատացված ձայնային զանգեր կատարելու համար։
Barclays բանկի հետազոտության համաձայն՝ Միացյալ Թագավորության չափահաս բնակչության 78%-ը կարծում է, որ ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը խարդախ սխեմաները դարձրել է ավելի համոզիչ, ընդ որում, միայն յուրաքանչյուր երրորդն է համոզված նեյրոնային ցանցերի միջոցով ստեղծված խարդախությունը բացահայտելու՝ իր ունակության հարցում: