Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմինները
ԱՄՆ Միսիսիպի նահանգի ափերի մոտ թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր վեց անձինք, նրանց թվում՝ երկու երեխա։ Զոհվածների մարմինները հայտնաբերել են ժամեր տևած որոնումներից հետո, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ առափնյա պահպանությանը։
Cessna 210 ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով մոտավորապես 15:30-ին՝ Հորն կղզուց երկու մղոն հյուսիս-արևելք՝ Պասկագուլա քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ, ներառյալ՝ ութ և տասը տարեկան երկու տղա։
Առափնյա պահպանության տվյալներով՝ Միսիսիպիի ծովային ռեսուրսների դեպարտամենտի ջրասուզակները զոհերի մարմինները հայտնաբերել են ինքնաթիռի ֆյուզելյաժի ներսում։ Օդային և ծովային փրկարարական ստորաբաժանումների մասնակցությամբ որոնումները տևել են մոտ չորս ժամ։ Գործողությանը միացել են նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և տեղական արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։
«Դա ողբերգական ելք է, և մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, որոնք ստիպված են վերապրել անդառնալի կորուստը», հայտարարել է Առափնյա պահպանության որոնողափրկարարական գործողությունների համակարգող Թրևոր Բլաունթը։
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) տեղեկություններով՝ ինքնաթիռը Նոր Օռլեանից թռչում էր Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մայերս քաղաք։ Դրա հետ կապը կորել է 15:30-ի սահմաններում։ Ռադարի տվյալներով՝ օդանավը վայրէջք էր կատարում րոպեում մոտ 10 հազար ֆուտ արագությամբ։
Աղետի պատճառների հետաքննությունը կգլխավորի ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։