ԿԳՄՍՆ-ի երաշխավորած 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում երեխաներին հանձնարարվել է դիտել փողոցային բռնության ու քրեական ենթամշակույթի մասին ռուսական 18+ «Слово пацана» սերիալը։ Սա պարզ անփութությո՞ւն է, թե՞ մեր կրթական համակարգում դեռ պահպանվող հետխորհրդային մշակութային իներցիայի դրսևորում։ Factor TV-ի եթերում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, անդրադառնալով այս խնդրին՝ ընդգծել է, որ պետք է վարել ճիշտ կրթական և մշակութային քաղաքականություն։
Մարդաբանը մեջբերում է իրեն ծանոթ երիտասարդ ռեժիսորներից մեկի խոսքը, որը հրաժարվել է նման սերիալ նկարահանելուց. «Խնդիրն նրանում է, որ ամբողջ ֆիլմի ընթացքում պրոպագանդվում է ․․․ այդ կրիմինալ տղաներն են հերոսները։ Պարզապես վերջում իրենց ինչ-որ ոստիկան պատժում է։ Բայց ամբողջ ընթացքում հերոսացվում են։ Դա իմ սկզբունքներին դեմ է»։
Անդրադառնալով այն իրողությանը, որ նմանատիպ փողոցային վարքագիծ, ագրեսիա և հայհոյանքներ առկա են անգամ Ազգային ժողովում, Թադևոսյանը նկատում է, որ դա ուղիղ հարված է պետական ինստիտուտներին։
«Փողոցի ենթամշակույթը, փողոցի հերոսական վարքագիծը տեղափոխվում է քաղաքական ինստիտուտ: Եթե փողոցի լեզուն ու վարքագիծը տեղափոխվում է քաղաքական ինստիտուտ, և քաղաքական ինստիտուտը չի օգտագործում քաղաքական լեզու և վարքագիծ, դա ոչ միայն էս միջադեպին, այսպես ասած, ծեծկռտուքին վերաբերվող պրոբլեմատիկ երևույթ է, այլև ընդհանրապես քաղաքական ինստիտուտի որակը փչացնելու միտում է ձևավորում»,- վերլուծում է մշակութային մարդաբանը:
Անդրադառնալով հասարակության մեջ արմատացած այն կարծրատիպերին, թե փողոցային կամ քրեական հեղինակություններն ունեն ինտելեկտուալ բարձր կարողություններ, բանախոսը հերքում է դա՝ նշելով. «Շատ տարածված էլի միֆիկ մի բան կա, թե իբր թե այդ գողական կոչված երևույթի, որ դրանք էսպես մտքի գիգանտներ են… իրականում այդտեղ մտքի հետ կապված ընդհանրապես ոչինչ չկա»։
Թադևոսյանի համոզմամբ՝ այս ամենին հակազդելու և պետական մտածողություն ձևավորելու ճանապարհը մեր ինքնության տրանսֆորմացիան է։
«Մենք հիմա որպես ազգ, հա՞, ազգային հանրույթ, մեր ձևավորման հերթական փուլում ենք: Մեր այսօրվա որպես ազգ ձևավորման փուլի առանձնահատկությունը մեր ինքնության մեջ պետականության շերտը ավելացնելն է։ Ժամանակակից պետության պետականության, որովհետև մենք ունեցել ենք պետականություններ, և դա մենք մեր ինքնության մեջ պետք է շատ ամուր կերպով նստեցնենք»,- եզրափակում է Աղասի Թադևոսյանը։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան