Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Վալերիյ Օսիպյանը շուրջ 54 քառակուսի մետր տարածքով բնակարան էր նվեր ստացել Ոստիկանությունից։ Գլխավոր դատախազությունը պահանջում էր բռնագանձել այս գույքը։ 

Հիմնավորումն այսպիսին էր՝ Կոտայքի մարզում գտնվող բնակարանը 2015-ի նոյեմբերին նվիրատվության պայմանագրով հանձնվել էր Օսիպյանին առանց կարիքի․ «․․․Ե՛վ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, և՛ բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողին բնակելի տարածություն կամ հողամաս հատկացնելու դեպքերում անհրաժեշտ է զինծառայողի կողմից համապատասխան դիմումի ներկայացումը: Բացի այդ, անհրաժեշտ է նաև վերը նշված 2 նպատակների առկայությունը, որն այս դեպքում հաստատված չէ»։

Օսիպյանի ներկայացուցիչները միջնորդել են արագացված դատաքննություն կիրառել և մերժել հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Պաշտպանության դիրքորոշմամբ՝ դատախազությունը կարող է գույքը բռնագանձելու պահանջ ներկայացնել, եթե դրա ձեռքբերումը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Մինչդեռ, ըստ պաշտպանության, Դատախազությունը վիճարկել է ոչ թե գույքն օրինական միջոցներով ձեռք բերելու փաստը, այլ բնակարանի նվիրատվության օրինականությունը։

«․․․Բոլոր այլ դեպքերում, եթե անգամ գույքի ձեռքբերումը կամ ստեղծումը ունի խնդրահարույց հիմքեր, դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, իրավասու չէ տալու որակումներ այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքերի իրավաչափության վերաբերյալ, և ավելին՝ ներկայացնելու այդ գույքը բռնագանձելու պահանջ»,- նշել են փաստաբանները։

Փաստաբանը նաև պնդել է, որ բնակարանի մասով պահանջը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, արձանագրել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով օրինական եկամուտ է համարվում նաև նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը։

Դատարանն ընդգծել է, որ Օսիպյանին փոխանցված բնակարանի ձեռքբերման աղբյուրը հայտնի է, և այն Հայաստանի Հանրապետությունն է․ «․․․Գործով նվիրատվության պայմանագիրը` որպես գույքի ձեռքբերման իրավական հիմք, վկայում է, որ պատասխանողը գույքը ձեռք է բերել ոչ թե անհայտ կամ չհիմնավորված աղբյուրից, այլ Հայաստանի Հանրապետությունից՝ անհատույց փոխանցման արդյունքում»։

Դատարանը որոշել է, որ Օսիպյանին նվիրաբերված բնակարանը պետք է մնա Օսիպյանին։ Վճռում շեշտվել է՝ նվիրատվության իրավաչափության վերաբերյալ կասկածներն ինքնին բավարար չեն գույքն ապօրինի ծագում ունեցող համարելու համար։ Դատական ակտը կարող է բողոքարկվել մինչև դեկտեմբերի 9-ը։

Նշենք, որ վճիռը վերաբերում է միայն Կոտայքի մարզում գտնվող բնակարանի բռնագանձման պահանջին։ Դատախազությունն Օսիպյանից պահանջում է բռնագանձել նաև Երևանում գտնվող մեկ գույք, բնակարանի 2/5 բաժնեմաս, շուրջ 16 հազար դոլարի բանկային ավանդ և ընդհանուր շուրջ 91 միլիոն դրամ, իսկ նրա կնոջից՝ Երևանում գտնվող բնակարան և Lexus մակնիշի ավտոմեքենա։

Դրանց վերաբերյալ վճիռ դատարանը դեռևս չի հրապարակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

 

 

Leave a comment