Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հերքել է մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ կայացնելու մասին հրապարակումները։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա հավելել է, որ առաջիկա շաբաթներին բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման:
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։
Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ վարքագիծ է»,-գրել է Ազարյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը պնդել էր, թե քաղաքային իշխանությունները որոշել են սահմանափակել մինչև 2010 թվականն արտադրված ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք։