ԿՀՎ-ն և առնվազն երկու այլ ամերիկյան հատուկ ծառայություններ հայտնաբերել են կիբերհարձակում, որի հետևանքով հաքերները հասանելիություն են ստացել դրանց որոշ ոչ գաղտնի տեղեկություններին։ Այս մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և իրազեկ աղբյուրներին, հայտնում է The New York Times-ը։ Հարձակումից տուժել են նաև Ազգային աշխարհատարածական հետախուզության գործակալությունը (NGA) և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը (ODNI), գրում է The Insider-ը։
Նշվում է, որ հաքերները ներթափանցել են համակարգ, որի օգնությամբ բաց և ոչ գաղտնի նյութերում որոնում են հետախուզության համար օգտակար տեղեկություններ։ Թե կոնկրետ ինչ տվյալներ են արտահոսել, հայտնի չէ։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ գաղտնի տեղեկությունները չեն տուժել։ ODNI-ից հայտնել են, որ կարևոր համակարգերի աշխատանքում խափանումներ չեն եղել։
Ենթադրվում է, որ հարձակվողներն օգտագործել են Artex արհեստական բանականության գործիքը, որը հուլիսին հանրային հասանելիության է դրել չինացի ինժեները։ Սկզբում Artex-ը ստեղծվել էր կիբերպաշտպանության նպատակով, սակայն հետագայում չարագործները հարմարեցրել են այն կիբերհարձակումների համար։ Հետազոտողները գործիքը կապում են աշխարհի տարբեր ընկերությունների դեմ իրականացված տասնյակ հարձակումների հետ։
Քննիչները դեռևս չգիտեն, թե ով է կանգնած հարձակման հետևում, սակայն NYT-ի երկու աղբյուրների խոսքով՝ առաջին նշանները մատնանշում են Չինաստանը։ Պեկինը պարբերաբար հերքում է նման մեղադրանքները։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ էության, հաստատել էր, որ հաքերները կոտրել են ՀԴԲ-ի Քրեական տեղեկատվության ազգային կենտրոնի համակարգը, որը կասկածյալների վերաբերյալ համազգային տվյալների բազա է։ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը, որին Թրամփը վերջերս նշանակել է նաև կիբեռանվտանգության տնօրենի պաշտոնակատար, կոչ է արել խուճապ չտարածել։
«Կոտրելու փորձերն ու կիբեռմիջադեպերը վաղուց դարձել են ամերիկյան տնտեսության և ամերիկյան կյանքի մի մասը»,- ասել է նա։
Նոյեմբերի 17-ին CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում դադարել է գործել Ազգային անվտանգության գործակալության (NSA) գերգաղտնի ներքին ցանցը, որի միջոցով աշխատակիցները փոխանցում են գաղտնի տեղեկություններ։ Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ կիբերհարձակման նշաններ չեն հայտնաբերվել։
Դրանից կարճ ժամանակ առաջ՝ նոյեմբերի 13-ին, օդային երթևեկության կառավարման համակարգում առաջացած խափանման պատճառով ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գրեթե հինգ ժամով դադարեցվել էին թռիչքները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի