ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել։ 24News-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Դավիթ Էդգարի Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նշենք, որ այս մասին ավելի վաղ հայտնել էր լրագրող Քնար Մանուկյանը։
Դավիթ Տոնոյանից բացի մեղադրանք է առաջադրվել Նորայր Իսրայելի Յոլչյանին, այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դավիթ Տոնոյանի և Նորայր Յոլչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 24-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Արամ Գրիգորյանի վարույթում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վրաբերյալ քրեական գործը։ Նա նաև քննել է Գագիկ Ծառուկյանի գործը և արդարացման վերդիկտ կայացրել։ Ինչպես նաև դատավոր Արամ Գրիգրյանի որոշմամբ էր կալանավորվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, որը նոյեմբերի 10-ին բանտում մահացավ։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2022 թվականից անցնում է մեկ այլ քրեական վարույթով։