Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել ազգային թիմում իր նախկին թիմակից Գևորգ Ղազարյանին։

«Բարև բոլորին

Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում, երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը:

Ես շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։

Ես շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ խաղը:

Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է:

Գևորգ ջան, քո կողքին եմ, հավատում եմ քո հաղթանակին»,- նշված է Արթուր Պետրոսյանի հայտարարության մեջ, որը հրապարակել է Գևորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր Գյումրիի «Շիրակը»։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է, որին առաջադրել է «Սյունիքը»։
Գևորգ Ղազարյանը՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, սկսել է ներկայացնել իր թիմի ծրագիրը։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Ինչո՞ւ է Հայաստանին պետք զարգացած ֆուտբոլ

Ֆուտբոլը միայն հավաքականը չէ։ Այն ազգի առողջությունն է և երկրի անունն աշխարհում։

Հազար երեխայից պրոֆեսիոնալ են դառնում մի քանիսը, բայց մնացածը հեռու են մնում փողոցից, սովորում են թիմում աշխատել և մեծանում են առողջ։

Վրաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշի 154-րդ տեղից հասավ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ։ Հայաստանն այսօր 110-րդն է, թեև ժամանակին 30-րդն էր։

Մեր բնակչության 63%-ն ապրում է մարզերում, բայց այնտեղ շատ երեխաներ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն չունեն։ Շիրակի մարզում երեխաների 52%-ն ապրում է աղքատության գծից ցածր։ Նրանց համար տան մոտ անվճար ֆուտբոլն է միակ հնարավորությունը։

Սա շտկելի է, եթե համակարգ կառուցենք՝ դաշտեր յուրաքանչյուր մարզում, համապատասխան լիցենզիա ունեցող մարզիչներ և ակումբներ, որոնց ձեռնտու է սեփական սաներ պատրաստել։

Որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ սկսում եմ ներկայացնել մեր թիմի ծրագիրը։ Առաջիկա օրերին կգործարկվի կայք, որտեղ ծրագիրը կներկայացվի համակարգված, ամբողջական և պատկերավոր»։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment