Հանդիպումը տեղի է ունեցել Ցուցուլյանի՝ Դուբայում կայացած Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու այցի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Դուբայի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլլա Խալիֆա Ալ Մառին Դուբայում քննարկել են «խելացի ոստիկանական կայանների» ներդրման, համագործակցության հուշագրի կնքման և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Ցուցուլյանի՝ Դուբայում կայացած Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու այցի շրջանակում։
Կողմերը քննարկել են երկու երկրների ոստիկանությունների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել կրթական և տեխնոլոգիական ոլորտներում փորձի փոխանակմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցությանը։
Քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված դասընթացների կազմակերպման, փորձագետների փոխայցերի և «խելացի ոստիկանական կայանների» ներդրման հնարավորությունները։
Համագործակցության ուղղությունները գործնական մակարդակում քննարկելու նպատակով Կամո Ցուցուլյանը Դուբայի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլլա Խալիֆա Ալ Մառիին հրավիրել է Հայաստան։
ՆԳՆ ոստիկանության պետն այցելել է Դուբայի ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ ծանոթացել է Օպերատիվ գործողությունների և ահազանգերի կառավարման կենտրոնի աշխատանքին, օպերատիվ իրավիճակի վերահսկման և համապատասխան ստորաբաժանումների գործողությունների համակարգման մեխանիզմներին։
«Խելացի ոստիկանական կայանում» նա ծանոթացել է քաղաքացիների սպասարկման նորարարական ձևաչափին և ներդրված համակարգի առանձնահատկություններին։