Ականավոր աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը նշանակվել է UWC Դիլիջանի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիայի հիմնադիր տնօրեն:
Պրոֆեսոր Հայրապետյանի ղեկավարությամբ ձևավորվելու է աստղաֆիզիկոսների թիմ, ովքեր դասավանդելու են ծրագրի ընթացքում: Ակադեմիան կմեկնարկի 2027 թվականի ամռանը: Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կստանան իրականացնել ինքնուրույն հետազոտություններ և ուսումնասիրել տիեզերքին վերաբերող հարցեր՝ օգտագործելով աստղաֆիզիկոսների գործիքներն ու մեթոդները: Պրոֆեսոր Հայրապետյանը Ամառային ակադեմիայի մասնակիցների հետ կկիսվի տեսական և դիտողական աստղաֆիզիկայի ոլորտում ունեցած իր փորձով՝ կյանքի կոչելով ակադեմիայի կարգախոսը՝ «Ուսումնասիրի՛ր տիեզերքը, ընդլայնի՛ր միտքդ»:
Պրոֆեսոր Հայրապետյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը: Տեսական աստղաֆիզիկայի բնագավառում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Բյուրականի աստղադիտարանում: Նրան ոգեշնչել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, Խորհրդային Միությունում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանն, ում աստղային ասոցիացիաների հայտնագործությունը ցույց տվեց, որ Ծիր Կաթինում շարունակվում է նոր աստղերի ձևավորումը:
Պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի Հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս է, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր: Նա NASA NExSS «Mission to Young Earth 2.0» ծրագրի գիտական ղեկավարն է, վաղ Երկրի և Մարսի վրա կյանքի ծագման վերաբերյալ NASA Exobiology ծրագրի գիտական ղեկավարն է, TESS Cycle 1-ի գիտական ղեկավարն է, HST-XMM-Newton «Երիտասարդ արեգակների կյանքի էվոլյուցիան» ծրագրի համաղեկավար է, Տիեզերական գիտությունների միջազգային ինստիտուտի թիմի համաղեկավար է, ինչպես նաև NASA-ի Աստղակենսաբանության հետազոտությունների համակարգման ցանցերի NExSS և PCE3 ղեկավար հանձնաժողովի անդամ: Վլադիմիր Հայրապետյանը Սելերսի էկզոմոլորակների միջավայրի համագործակցության թիմի ղեկավար կազմի անդամ է:
Վլադիմիր Հայրապետյանը ղեկավարում է NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի, NASA-ի Լենգլիի հետազոտական կենտրոնի, Հարվարդի համալսարանի և Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի հելիոֆիզիկոսների, աստղաֆիզիկոսների, մոլորակագետների, քիմիկոսների և կենսաքիմիկոսների միջճյուղային թիմը, որի նպատակն է հասկանալ՝ ինչպես են ակտիվ աստղերի ծայրահեղ տիեզերական եղանակային իրադարձությունները ազդում էկզոմոլորակների բնակելիության ֆիզիկաքիմիական ասպեկտի վրա:
Պրոֆեսոր Հայրապետյանն ունի ավելի քան 25 տարվա փորձ տեսական և դիտողական աստղաֆիզիկայի, հելիոֆիզիկայի և աստղակենսաբանության ոլորտներում: Նա մասնագիտացած է արևային և աստղային քամիների մագնիսահիդրոդինամիկական մոդելավորման, ընթացիկ և վաղ արեգակի պսակային զանգվածի ծայրահեղ արտանետումների և Երկրի մագնիսական դաշտի, իոնոլորտի և ջերմոլորտի վրա դրանց ազդեցության հարցերում: Վերջերս Հայրապետյանի գործունեությունն ուղղված էր ժամանակակից բազմաչափ հելիոֆիզիկական մոդելների կիրառմամբ ակտիվ աստղերի և երիտասարդ Արեգակի միջավայրերը նմանակելով վաղ Երկրի և Մարսի մթնոլորտի վրա դրանց ազդեցությունը հասկանալուն: Այս ուսումնասիրությունները հիմք դրեցին վաղ Երկրի վրա կենսաբանական մոլեկուլների ծագման հայեցակարգին և երիտասարդ Արեգակի թույլ ճառագայթման պարադոքսի լուծմանը:
Մեկնաբանելով իր նշանակումը՝ պրոֆեսոր Հայրապետյանը նշեց. «Ուրախ եմ, որ աջակցելու եմ Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիայի ստեղծմանը Հայաստանում, որտեղից սկսվել է իմ գիտական ուղին: Ուզում եմ, որ ուսանողներն ապրեն տիեզերքի վերաբերյալ հարցեր տալու և իրական տվյալներ օգտագործելով դրանց պատասխանները գտնելու հուզմունքը: Աստղաֆիզիկոսների ուղեկցությամբ իրենց սեփական հետազոտական նախագծերի վրա աշխատելով՝ նրանք կբացահայտեն, թե ինչպես է գիտությունը սկիզբ առնում լավ հարց տալու վստահությունից»:
Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան 15-17 տարեկան երիտասարդների համար նախատեսված ծրագիր է: Չորս շաբաթվա ընթացքում Հայաստանից և այլ երկրներից մինչև 36 մասնակիցներից բաղկացած խումբն ապրելու և աշխատելու է իբրև գիտական համայնք՝ գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող դասախոսական կազմի ղեկավարությամբ: Նրանք կսովորեն դասախոսությունների, խնդիրների լուծման, ծրագրավորման երեկոյան դասերի, տվյալների համատեղ վերլուծության, հրավիրյալ դասախոսությունների, ինչպես նաև սպորտային և այլ միջոցառումների միջոցով: Առաջին հոսքը տևելու է 2027 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 1-ը: Դիմորդների ընտրությունն անցկացվելու է մրցույթով: Ֆինանսական կարիքից ելնելով տրամադրվելու է ֆինանսական աջակցություն:
UWC Դիլիջանը միջազգային դպրոց-պանսիոն է Հայաստանում: Այն Միացյալ աշխարհի քոլեջներ (UWC) համաշխարհային շարժման անդամ է: 2014 թվականին բացվելուց ի վեր դպրոցում սովորել են ուսանողներ ողջ աշխարհից, ովքեր ապրում և սովորում են կրթական առումով հավակնոտ, մշակութային առումով բազմազան և արժեքների վրա հիմնված դպրոցական համայնքում: Դպրոցն ունի 220 ուսանող 80 երկրից: Դպրոցում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագիրը, որը երկամյա կրթական ծրագիր է:
Միացյալ աշխարհի քոլեջների առաքելությունն է կրթությունն օգտագործել իբրև մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժ՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի:
UWC Դիլիջանի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան տարածում է այս մոտեցումը երիտասարդ գիտնականների նոր սերնդի վրա՝ համատեղելով ակադեմիական խստապահանջությունը և ինքնուրույն հետազոտությունները միջազգային կյանքի, համագործակցության և բացահայտումների հետ:
Ուսումնասիրի՛ր տիեզերքը, ընդլայնի՛ր միտքդ: