Պարզվում է, որ վերջնական տեքստը նույնիսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին չեն ներկայացրել:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ևս անակնկալի են եկել նոր Սահմանադրության նախագծի տեքստից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
«Կուսակցությունում մինչ այդ հայտարարվում էր, թե նոր Սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում: Ասացին, որ իրենք էլ են հետեւում սահմանադրագետների գնահատականներին, բացահայտումներին ու ապշած են՝ ինչպես էր հնարավոր նման անգրագետ տեքստ հրապարակել»,- գրում է օրաթերթը։
Ըստ պարբերականի աղբյուրի՝ նախագիծն այնքան թերություններ ունի, որ առնվազն մեկ տարի կպահանջվի այն նորմալ տեսքի բերելու և հանրաքվեի դնելու համար։
Թերթը նշում է նաև որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նույնպես արհամարհել են և նախագիծը` անգամ խոստանալուց հետո նրանց չեն ներկայացրել։