Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը

Քաղաքականություն

24.11.2026 | 23:13

Ռուսաստանում կարող են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը և կինոթատրոններում դրանց ցուցադրության լիակատար արգելքի ժամանակահատվածներ սահմանել։ Պետդուման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, մշակել է «Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության մասին» օրինագծում փոփոխություններ, որոնք նախատեսում են ռուսական կինոթատրոններում արտասահմանյան ֆիլմերի ցուցադրության քվոտաներ, գրում է DW-ն։

Օրինագծի համաձայն՝ տարվա ընթացքում իշխանությունների սահմանած ժամանակահատվածներում կինոթատրոններում կարգելվի արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը կամ այն կսահմանափակվի՝ հօգուտ ռուսական ֆիլմերի, մինչև «ժամանակի նվազագույն մասնաբաժին»։ Նման սահմանափակումների ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի եռամսյակում 45 օրը, այսինքն՝ խոսքը կարող է վերաբերել տարվա ընթացքում 180 օրվան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ ժամանակահատվածներում արտասահմանյան ընկերությունների հետ Ռուսաստանում ֆիլմերի վարձույթի վերաբերյալ կնքված պայմանագրերի պայմանները «կճանաչվեն առոչինչ»։

Քվոտաների կիրառման ժամանակահատվածները նախապես կհաստատվեն՝ «ռուսական կինեմատոգրաֆիական կազմակերպությունների մասնակցությամբ»։ Նախատեսվում է, որ նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի մարտի 1-ից։

Պուտինը նախկինում ևս արտահայտվել է Ռուսաստանում արտասահմանյան ֆիլմերի վարձույթի սահմանափակման ցանկության մասին։ 2026 թվականի մարտին նա հայտարարել էր, որ երկրի իշխանությունները կինոթատրոններ են թողնում «ինչ-որ միանգամայն հիմար և անպետք բաներ» և հանձնարարել էր սահմանափակումներ մտցնել այս ոլորտում։

Պուտինն իր առաջարկը բացատրել էր նաև արտասահմանյան ընկերություններին ռուսական կինոթատրոններում իրենց ֆիլմերի ցուցադրությունը վերսկսելու թույլտվություն տալուց առաջ «շուկան պաշտպանելու» ցանկությամբ։

Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո արևմտյան խոշոր ընկերությունները դադարեցրել են համագործակցությունը ռուսական կինովարձույթի կազմակերպիչների հետ։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանում արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը հաճախ իրականացվում է այսպես կոչված «նախասեանսային սպասարկման» սխեմայով․ հանդիսատեսին տոմս են վաճառում վարձույթի թույլտվություն ունեցող կարճամետրաժ կամ վավերագրական ֆիլմի համար, որից առաջ ցուցադրում են արտասահմանյան ֆիլմը։

Նույնիսկ այս սահմանափակումները չեն խանգարել, որ արտասահմանյան ֆիլմերը փաստացի դառնան Ռուսաստանում կինովարձույթի առաջատարներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment