Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի

Քաղաքականություն

24.11.2026 | 20:27

Նոյեմբերի 23-ին՝ ուղղափառ Սուրբ Գևորգի տոնին (Գիորգոբա), Ադրբեջանի Գախի շրջանում միջադեպ է տեղի ունեցել էթնիկ հավատացյալ վրացիների մասնակցությամբ։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տեղեկություններով՝ հավատացյալներին թույլ չեն տվել մուտք գործել Կուրմուխի Սուրբ Գեորգի հնագույն եկեղեցի, գրում է Sova news-ը։

Բաքվում եկեղեցին անվանում են Քյուրմյուք և այն հայտարարում «աղվանական մշակութային ժառանգության» հուշարձան։ 2026 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ այնտեղ սկսվել են հնագիտական պեղումներ, ինչի կապակցությամբ Վրաստանի պատրիարքարանը պաշտոնական բողոք էր հայտնել։ Դա դիվանագիտական վեճի պատճառ է դարձել․ Ադրբեջանի ԱԳՆ-ն Վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը որակել էր որպես տարածքային հավակնություններ պարունակող։

Գիորգոբայի տոնական պատարագը մատուցվել է նույն շրջանում՝ Գախ-Ինգիլոյ գյուղի Սուրբ Գևորգի եկեղեցում։ Պատարագին ներկա է եղել Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն։ Նոյեմբերի 24-ին նա հանդիպում է անցկացնելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, Կրոնական հարցերով գործակալության տարածած հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում Կուրմուխիի տաճարում աղոթել ցանկացած ուխտավորների և այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Դեպքի վայրից տեղեկություններ է փոխանցել «Դեդոփլիսծկարոյի հեռուստատեսությունը»։ Նոյեմբերի 23-ին հրապարակված երկու րոպեանոց տեսանյութում երևում է հավատացյալների մեծ խումբ, որը հավաքվել է այնտեղ,որտեղից ավանդաբար սկսվում է դեպի տաճար տանող հետիոտն երթը։ Կադրում երևում է նաև ոստիկանական մեքենա, լսվում են ազդանշանի ձայներ։

Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է, որ Կուրմուխի տաճարը բացվում էր տարին երկու անգամ՝ Գիորգոբայի տոների կապակցությամբ, սակայն այս տարի «ճանապարհը փակել են՝ հնագիտական պեղումների պատրվակով»։

Ավելի ուշ լրատվամիջոցը հրապարակել է դեպքի վայրից ևս երկու տեսանյութ։ Տեսանյութերից մեկում մարդիկ դժգոհություն են հայտնում ոստիկանի գործողություններից։ Կադրում լսվում է նաև հետևյալ խոսքը․ «Վրաստանն էլ է մեղավոր։ Այսօր պատրիարքը պետք է մեր կողքին լիներ։ Չկա ո՛չ սրբազանը, ո՛չ պատրիարքը, ո՛չ էլ քահանան»։Մեկ այլ տեսանյութում նույնպես լսվում է ոստիկանական մեքենայի ազդանշան և ամբոխի աղմուկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment