Երեկվանից՝ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո, քննարկումներ են ծավալվել նախագծի տարբեր դրույթների ու հոդվածների վերաբերյալ։
Քննարկման առարկաներից մեկն էլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և պետության միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հոդվածն է, որը որոշակի վերապահումով պահպանվել է նույնը. այսինքն՝ գործող Սահմանադրության՝ Առաքելական եկեղեցուն վերաբերող հատվածը նույնությամբ ներառվել է նախագծում, որի համաձայն՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պահպանում է իր՝ ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Սակայն եթե գործող Սահմանադրության մեջ նշված է, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով», նոր նախագծով «կարող են կարգավորվել օրենքով» ձևակերպումը վերաձևվել ու դարձել է «կարգավորվում են օրենքով», ինչն ընդդիմադիր ու մասնագիտական շրջանակների կողմից մեկնաբանվում է այնպես, որ այդ հարաբերությունների օրենսդրական կարգավորումը պարտադիր է դարձել։
Դա մեկնաբանվում է որպես իրավական «սողանցք», որը հետագայում իշխանությունները կարող են կիրառել եկեղեցու դեմ արշավանքն ավարտին հասցնելու և պետության համար եկեղեցու դերը նվաստացնելու համար։
Նոր Սահմանադրության մշակման ընթացքում պետություն-եկեղեցի հարաբերությունների հնարավոր վերանայման հարցին անդրադարձել են նաև իշխանության ներկայացուցիչները՝ հնչեցնելով տարբեր դիրքորոշումներ։
Մասնավորապես, Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ավելի վաղ չէր բացառել Սահմանադրությամբ այդ հարաբերությունների վերանայումը, այդ թվում՝ եկեղեցու գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պետության միջամտության հնարավորությունը։ Մինչդեռ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեռ հունիսին հայտարարել էր, որ պետություն-եկեղեցի հարաբերությունները վերանայելու հարց չի քննարկվում։ Սեպտեմբերի 16-ին էլ նախարարը վերահաստատել էր, որ Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները նոր Սահմանադրության նախագծում պահպանվել են։ Այսօր էլ Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ ևս համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրության նախագծում եկեղեցուն վերաբերող դրույթում որևէ բան չի փոխվել, և «կարող է» բառի սղմամբ շարադրանքի բովանդակությունն ամենևին չի փոխվել։ Նա հստակեցրեց, որ ինչպես հիմա գործող Սահմանադրությամբ են եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորվում օրենքով, այնպես էլ նախագծում է այդպես նախատեսված։
Այնինչ փաստաբան Արմինե Ֆանյանը կիսում է ընդդիմության ու մասնագիտական շրջանակների մտավախությունները այդ վերաձևման հետ կապված։
MediaHub-ի հետ զրույցում Արմինե Ֆանյանը նշեց, որ գործող Սահմանադրությամբ օրենքի կարգավորիչ դերն իմպերատիվ չէ, այլ թույլ է տալիս որոշ իրավիճակներում նաև օրենքի միջամտությունը։ Այնինչ նոր Սահմանադրության նախագծով օրենքն աներկբա է լինելու։ Իսկ դա ռիսկեր է ստեղծում, որ իշխանությունների և եկեղեցու միջև առկա լարվածության պայմաններում իշխող մեծամասնությունը Ազգային ժողովում կարող է այնպիսի օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որոնք լծակներ կստեղծեն նրանց համար եկեղեցու դերը պետության համար նվաստացնելու, պետության և եկեղեցու միջև ստեղծված անջրպետը խորացնելու համար. «Լինելով պառլամենտական մեծամասնություն՝ իշխող ուժը կարող է նոր օրենսդրության միջոցով որոշակի լծակներ ստեղծել եկեղեցու դեմ, մանավանդ որ այդ հարաբերությունները լարված են։ Ուստի նախագծում առկա այդ փոփոխությունը խնդրահարույց է և մտահոգիչ»։
Ի դեպ, նախագծում պետության բնութագրիչների շարքում ավելացված «աշխարհիկ» բառը ևս մտահոգություններ է առաջացրել եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հոգևոր կենսագրության դեմ ոտնձգության առումով։ Արմինե Ֆանյանն անընդունելի է համարում Սահմանադրության մեջ նման բնութագրիչի ավելացումը՝ համարելով, որ դա Հայաստանի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետության դերի ու հեղինակության արժեզրկում է. «Հաշվի առնելով, որ Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է, «աշխարհիկ» բնութագրիչի ավելացումը ողջունելի չէ։ Մենք գիտենք, թե ինչ դեր է ունեցել քրիստոնեությունը և այսօր էլ ունի մեր պետության համար։ Շեշտելով, որ աշխարհիկ պետություն ենք, մենք մեր պետության հոգևոր բաղադրիչը վերացնում ենք կամ դարձնում երկրորդական»։
Աշխարհիկ պետություն լինելու մասին շեշտադրումով չի բացառվում, որ Սահմանադրության նոր տեքստի հեղինակները իշխանություններին հնարավորություն են ընձեռում ընդհանրապես բացառելու եկեղեցու որևէ միջամտություն պետության գործերին, անգամ եթե դա վերաբերում է ազգային, ազգապահպանության, արտաքին անվտանգության խնդիրներին, և հակառակը՝ հնարավորություն են տալիս լծակներ ստանալու եկեղեցու և եկեղեցականների գործունեությունը պետական լծակներով վերահսկելու համար։ Նախագծում փաստացի նշվում է եկեղեցու թափանցիկ գործունեության անհրաժեշտության մասին, անդրադարձ կա եկեղեցու գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պետության մասնակցության հնարավորությանը, և իշխանություններն էլ բազմիցս նշել են, որ եկեղեցին պետք է պետությանը հաշվետու լինի ճիշտ այնպես, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները՝ լինի պաշտոնյա, թե սովորական քաղաքացի, որ եկեղեցին ևս պետք է հարկեր վճարի ու հաշվետվություն ներկայացնի իր ֆինանսական հոսքերի մասին։
Աշխարհիկ պետության սկզբունքը ենթադրում է նաև, որ պետական իշխանությունը չի առաջնորդվում որևէ կրոնական դավանանքով, իսկ օրենքները և պետական քաղաքականությունը հիմնված են բացառապես քաղաքացիական ու իրավական նորմերի վրա։
Ի դեպ, «աշխարհիկ» բառը ներառված է Ֆրանսիայի՝ 1958 թվականից գործող Սահմանադրության մեջ. առաջին հոդվածը սահմանում է, որ Ֆրանսիան «անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական հանրապետություն է»։ Ֆրանսիական մոդելը ենթադրում է պետության և կրոնի խիստ տարանջատում և հանրային ոլորտում պետության բացարձակ չեզոքություն։ Նաև Թուրքիայի՝ 1982 թվականից գործող Սահմանադրության մեջ, որի երկրորդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայի Հանրապետությունը բնութագրվում է որպես «ժողովրդավարական, աշխարհիկ և սոցիալական-իրավական պետություն»։ Այս դրույթը սահմանադրությամբ պաշտպանված է որպես անփոփոխելի։
Հնդկաստանի Սահմանադրության նախաբանում Հնդկաստանը նկարագրված է որպես «ինքնիշխան, սոցիալիստական, աշխարհիկ, ժողովրդավարական հանրապետություն»։ Հնդկական մոդելում դա նշանակում է պետության հավասար վերաբերմունք բոլոր կրոնների նկատմամբ։ Հետխորհրդային մի շարք երկրներ ևս իրենց սահմանադրությունների սկզբնական հոդվածներում ուղղակիորեն ամրագրել են «աշխարհիկ պետություն» բնութագրիչը։ Այդպիսի պետություններից են Ադրբեջանը և Ղազախստանը։
Իսկ Վրաստանի Սահմանադրության առաջին հոդվածներում «աշխարհիկ» բառը թեև ներառված չէ, սակայն 8-րդ հոդվածով հռչակվում է խղճի և դավանանքի ազատությունը, իսկ դրա հետ մեկտեղ ճանաչվում է Վրաց ուղղափառ եկեղեցու բացառիկ դերը պատմության մեջ և նրա անկախությունը պետությունից։ Պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրական համաձայնագրով՝ կոնկորդատով։
Թագուհի Ասլանյան