Ֆրանցիսկոս պապի անձնական օրագրում բացահայտվել են սատանայի հետ երեք հանդիպման և հոգևոր ճգնաժամի մասին գրառումներ

Ֆրանցիսկոս պապի մահից հետո հայտնաբերված անձնական գրառումներում ներառված են սատանայի հետ երեք հանդիպման, դժոխքի դարպասների տեսիլքի և սեփական իշխանության շուրջ ծանր ապրումների մասին բացահայտումներ։ Դրանք ամփոփվել են «Ֆրանցիսկոս պապի անձնական օրագիրը» գրքում, որը հրապարակվել է հինգ լեզվով՝ 94 երկրում, և ներառում է Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ 1992-ից 2024 թվականների օրագրերը, նշումներն ու փաստաթղթերը։

Գրառումներում Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հստակ հիշում է երեք դեպք, երբ սատանան ֆիզիկապես երևացել է իրեն և նայել կրակե աչքերով։ Բերգոլիոյի խոսքով՝ առաջին անգամ նա սատանային տեսել է մոտ 15 տարի առաջ՝ ավտոմեքենայի պատուհանից, և չի կարող մոռանալ նրա սպառնալից ու միևնույն ժամանակ գայթակղիչ հայացքը։ Երկրորդ երևույթը, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ, եղել է ավելի ուժգին. ըստ նրա՝ սատանան նայել է կրակե ճառագայթների նմանվող աչքերով ու փորձել մոտենալ, սակայն ինքը փախել է՝ ամուր սեղմելով վարդարանը և դիմելով Սուրբ Կույս Մարիամին։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին՝ արդեն Հռոմի Կաթոլիկ եկեղեցու գլուխ կանգնած ժամանակ, երբ լսել է նրա տիրական ու խռպոտ ձայնը և ազատվել՝ Աստծո շնորհիվ հեռանալով այդ հանդիպումից։ Պապը գրել է, որ յուրաքանչյուր նման դեպքում անմիջապես հեռացել է՝ բացարձակ չարի հետ երկխոսության մեջ չմտնելու համար։

Ինչպես նշել է արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը, որը հայտնաբերել է ձեռագրերը և գրեթե քսան տարի եղել պապի ամենամոտ հոգևորականներից մեկը, Ֆրանցիսկոսի վերջին տարիներն ուղեկցվել են հոգևոր խորը ճգնաժամով, մասնավորապես՝ 2021-2022 թվականներին, թեև ինքն անձամբ այդ ապրումներով նրա հետ չի կիսվել։ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Ֆերնանդեսը հայտնել է, որ պապն զգացել է այն, ինչ ինքն անվանել է հեթանոսական գայթակղություն, և դժվարությամբ է հաղթահարել թե՛ Հռոմեական կուրիայի ներքին գործերում, թե՛ միջազգային հարաբերություններում ունեցած իշխանության բեռը։ Կարդինալի խոսքով՝ խոսքը հեդոնիստական գայթակղության մասին չէր, քանի որ Բերգոլիոն աչքի է ընկել բացարձակ ասկետիզմով, երբեք արձակուրդ չի մեկնել և նույնիսկ պաղպաղակ չի կերել, այլ իշխանության սխալ կիրառման գայթակղության ու սեփական մարդկային թուլությունը գիտակցելու մտավախության մասին։

Բերգոլիոյի իսպաներեն գրառումներում տեղ է գտել նաև դժոխքի դարպասների տեսիլքը քնելուց առաջ, որը նա բնութագրել է որպես սարսափեցնող և համակողմանի ապրում։ Ֆերնանդեսը նաև պատմել է, որ պապը ծանր է տարել Արգենտինայում իր հասցեին հնչած քննադատությունները՝ թե՛ 1973-1979 թվականներին Հիսուսի միության նահանգապետի, թե՛ 1998-2013 թվականներին Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի պաշտոններում իր գործունեության վերաբերյալ, իսկ Արգենտինա երբեք չի այցելել նաև հետախուզական տվյալների պատճառով, ըստ որոնց՝ ծայրահեղ աջերը կարող էին գործողություն կազմակերպել իր դեմ։ Կարդինալի փոխանցմամբ՝ պապը ցանկացել է թույլատրել ամուսնացած տղամարդկանց քահանայական ձեռնադրությունը, սակայն ձգտել է խուսափել ներքին հակամարտություններից և սուր բանավեճերից, իսկ իր ներքին երկընտրանքներն ու մտահոգությունները հաղթահարել է Սուրբ Կույս Մարիամին ուղղված աղոթքով, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբերին Ֆատիմա կատարած այցի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment