Ռոբերտ Քոչարյանը դատարանում բարձրաձայնել է գործի նյութերին էլեկտրոնային հասանելիության հարցը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանից խնդրել է հնարավորություն տալ իրացնելու պաշտպանության իր իրավունքը և տրամադրել քրեական գործի էլեկտրոնային տարբերակը։ Նոյեմբերի 24-ին հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատական նիստի ընթացքում նախկին նախագահը հայտնել է, որ իր տրամադրության տակ չունի գործի նյութերը, ինչի հետևանքով հետագայում զրկված է ակտիվորեն պաշտպանվելու հնարավորությունից։

«Նյութերին ծանոթանալու որևէ հնարավորություն չկա։ Երբ անցնենք հաջորդ փուլին, երևի հնարավորություն կունենամ ծանոթանալու։ Իրավունք ունեմ և ուզում եմ ակտիվորեն պաշտպանվել, բայց հնարավորությունը չկա»,- նշել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ առաջին դատավարության ժամանակ դատավոր Դանիբեկյանը սկզբում տրամադրել էր թղթային տարբերակը, սակայն պարզվել էր, որ այդ դեպքում խցում իր համար տեղ չէր մնա, ինչից հետո տրամադրվել էր նոթբուք՝ առանց համացանցին միանալու հնարավորության։ Նախկին նախագահը հիշեցրել է, որ քրեակատարողական հիմնարկում համացանցին չմիացող սարքերն արգելված չեն։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը նկատել է, որ դեմ չէ, եթե մյուս գործով քննիչը խոչընդոտ չտեսնի։ Փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին պարզաբանել է, որ քննչական մարմնում ընթացակարգերն այնքան երկար են տևում, որ գործնականում դա մերժման է հավասար։

Ռոբերտ Քոչարյանը կրկնել է, որ ՔԿՀ-ում հեռուստացույցն արգելված չէ, իսկ նման սարքը հեռուստացույցի նման մի բան է։ «Բայց հենց որ մի ոչ ստանդարտ բան ես ասում, խլանում են։ Ենթադրում եմ՝ մարդիկ վախենում են համարձակություն ստանձնել ու որոշում կայացնել»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment