«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում

TRIPP նախագծի իրականացումն ապահովելու համար տարածքի բացազատման և մաքրման աշխատանքների կատարման համար պետական բյուջեից ծախսվում է 204 մլն դրամ։ Աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու ընկերության միջև ստորագրված պայմանագրից։ Ըստ գնումների պետական համակարգի՝ «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունն ընտրվել է գնման ՀՄԱ (Հրատապ մեկ անձ) ընթացակարգով։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին է պայմանագիրը ստորագրվել նախարարության և ընկերության միջև։ Հենց նույն օրն էլ տրվել է աշխատանքների մեկնարկը։ Երեկ TRIPP նախագծի իրականացման մեկնարկը Սյունիքի մարզից ուղիղ եթերում հեռարձակվել էր Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հրապարակված կադրերում երևում է, որ Մեղրիի երկաթուղային թունելի մուտքի մոտ տեխնիկայի միջոցով տարածքի մաքրման և հարթեցման աշխատանքներ են իրականացվում։ Մինչ այդ ուղերձով հանդես էին եկել ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը։

Factor TV-ն ուսումնասիրել էր երեկ հրապարակված կադրերը և պարզել, որ իրականացվող աշխատանքներում ներգրավված է «ԱԳ Իմպեքս» ընկերությանը պատկանող շինտեխնիկա։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ «ԱԳ Իմպեքս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Սաթենի Պապյանին։

Factor TV-ն պարզել էր նաև, որ Պապյանն ու ընկերությունն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ «Դատալեքս»-ի՝ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցապահանջ է ներկայացրել՝ Սաթենի Պապյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու «ԱԳ Իմպեքս» ՍՊ ընկերության իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը։

Ի դեպ, այս գործն առնչություն ունի Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործի հետ։ Զաքարյանի և Սաթենի Պապյանի գործերը դատարան են ներկայացվել մեկ հայցապահանջով։ Ըստ գործի նյութերի՝ Մխիթար Զաքարյանն ու Սաթենի Պապյանը համարվում են փոխկապակցված անձինք։

Երեկ փորձել էինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, սակայն գերատեսչության խոսնակն այդպես էլ տեղեկատվություն չէր տրամադրել։ Այսօր արդեն խոսնակ Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։

«ՏԿԵ նախարարությունը պայմանագիրը կնքվել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի հետ։ Եվ նշված աշխատանքները իրականացվում է իմ կողմից նշված ընկերության կողմից։ Թե ով ինչ է ասում, արդեն քիչ կարևոր է»,- փոխանցեց խոսնակը։

Սոնա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ իսկ այլ ընկերության մեքենաների առկայությունը հայ-ամերիկյան նախագծում ինչպե՞ս եք մեկնաբանում։ «Դա իմ մեկնաբանելու հարցը չի։ Կապալառուն է ներգրավում տեխնիկան։ Այդ հարցը մեր դաշտում չէ»,-մեկնաբանեց խոսնակը։

Երբ Սոնա Հարությունյանից խնդրեցինք պարզաբանել նախարարության դիրքորոշումը, թե ի՞նչ կարծիք ունեն, որ կապալառուն աշխատանքներին ներգրավել է մի ընկերության, որն, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, նշեց․ «Ես արդեն գրեցի, որ դա մեր մեկնաբանելու հարցը չի։ Ես չգիտեմ այդ ընկերությունը ինչպես է ներգրավված»։

TRIPP-ի շրջանակներում աշխատանքներ իրականացնող «Մեղրու ՃՇՇՁ» ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը Ազատ Գասպարյանն է։ Նա Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ «ԱԳ իմպեքս» ընկերության մեքենաները վարձակալությամբ են ներգրավել շինաշխատանքերում։

«Ես «ԱԳ իմպեքս» ընկերության հետ ունեմ տրանսպորտի ծառայության պայմանագիր, որ իրենց տեխնիկան իմ մոտ աշխատի։ Տվյալ պահին իմ բոլոր մեքենաները ծանրաբեռնված էին, չկարողացա իմ սեփական մեքենաները դնել այնտեղ, ստիպված վարձակալությամբ բերեցի։ Միայն այդ օրն է եղել, այսօրվանից իմ մեքենաներն են աշխատում այնտեղ։ Հանկարծակի ստացվեց այդ մեկնարկը, դրա համար չկարողացա իմ տրանսպորտային միջոցներից բերել։ Ես երկու օր առաջ եմ իմացել, որ պետք է աշխատանքները սկսվեն»,-ասաց նա։

Ազատ Գասպարյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, որ «ԱԳ իմպեքս» ընկերությունը բռնագանձման ենթակա ընկերությունների ցանկում է, ավելին՝ փոխանցեց, որ եթե անհրաժեշտություն լինի, կրկին վարձակալական պայմանագրից օգտվելու է և տեխնիկան ներգրավի աշխատանքներում։

«Ես իրենց հետ պայմանագիր ունեմ, եթե իրենք դատական պրոցեսների մեջ են, դա ինչով է ինձ վերաբերվում։ Եթե կարիք ունեցա, տեսա, որ չեմ կարողանում տրանսպորտային միջոցով համալրել այդ գործը, ստիպված էլի իրենցից մեքենա եմ ուզելու»,-նշեց նա։

 

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment