Քաղաքականություն
24.11.2026 | 18:19
2025 թվականին Ուկրաինայի վրա հարձակված ռուսական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերվել են լիտվական կանխավճարային SIM քարտեր։ Այս մասին հաղորդել է լիտվական 15min պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներին, փոխանցում է Meduza-ն։
Անօդաչու սարքերում հայտնաբերվել է կանխավճարային բջջային կապի Pildyk ապրանքանիշի ութ SIM քարտ։ Այն պատկանում է Tele2 օպերատորին և գործում է նրա ցանցում։ Tele2-ում հայտարարել են, որ հայտնաբերված SIM քարտերը գնվել և ակտիվացվել են 2024 թվականին, երբ Լիտվայում դեռևս ուժի մեջ չէին կանխավճարային SIM քարտերի օգտատերերի պարտադիր գրանցման պահանջները։ Ընկերության ներկայացուցիչ Լինաս Մարցինկևիչյուսի խոսքով՝ նման SIM քարտերը կարող են հայտնվել երրորդ անձանց ձեռքում՝ դրանք մեծածախ գնող, ակտիվացնող և վերավաճառող խմբերի միջոցով։
Ուկրաինայի հետախուզության զեկույցում հիշատակվում են նաև լիտվական Telia օպերատորին պատկանող Ezys ապրանքանիշի SIM քարտերը։ Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը սկսել են պարբերաբար ներխուժել Բալթյան երկրների օդային տարածք։ Հիմնականում խոսքը ուկրաինական անօդաչու սարքերի մասին էր, որոնք շեղվել էին իրենց երթուղուց՝ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով։
2026 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել էին Լիտվայի օդային տարածք ներխուժած անօդաչու սարքը։ Իշխանությունների վարկածի համաձայն՝ դա ռուսական անօդաչու սարք էր, որը շեղվել էր իր երթուղուց՝ ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի