Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Ինչպես հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նա դեսպաններին է ներկայացրել երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով ժողովրդավարության ճանապարհին առկա մարտահրավերներին։ Վարդևանյանը բարձրաձայնել է նաև երկրում, իր գնահատմամբ, կիրառվող ընտրովի քրեական հետապնդումների խնդիրն ու դրա վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած զեկույցը՝ մտահոգություն հայտնելով անմեղության կանխավարկածի պահպանման վերաբերյալ։
Տարածաշրջանային զարգացումների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում ԱԺ փոխնախագահը կարևորել է խաղաղության փաստաթղթի ստորագրումն առանց նախապայմանների։ Նա դիվանագետների ուշադրությունը հրավիրել է նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հրատապ խնդրին։
Պատասխանելով դեսպանների հարցերին՝ Արամ Վարդևանյանն անդրադարձել է Հայաստան–ԵՄ ընդլայնվող համագործակցությանը, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծին։ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ անթույլատրելի է սահմանադրական փոփոխություններ իրականացնել արտաքին միջամտությամբ կամ պարտադրված նախապայմաններով։ Զրույցի ավարտին նա ընդգծել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը։