Քըլըչը պատմական է անվանել Հայաստանի Սահմանադրության նախագծում կատարված փոփոխությունը

Բաժանորդագրվել

Քըլըչի կարծիքով` Փաշինյանը նպատաստում է տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ողջունել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Թուրքիայի հետ հակասությունների պատճառ հանդիսացող ձևակերպման բացակայությունը։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։

«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. հանվել է Թուրքիայի հետ հակասությունների պատճառ հանդիսացող ձևակերպումը»,– գրել է թուրք դիվանագետը։

Քըլըչը նաև դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման գործում։

«Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ զրուցակից է ոչ միայն թուրք-հայկական կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում»,– նշել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։

Leave a comment