Քաղաքականություն
24.11.2026 | 16:26
Իրանում երգչուհին և նրա պրոդյուսերական խմբի չորս անդամները դատապարտվել են 74-ական մտրակի հարվածի։ Պատիժը նշանակվել է «առցանց անպարկեշտ և անբարոյական բովանդակություն ստեղծելու և հրապարակելու միջոցով հասարակական բարոյականությունը վիրավորելու» համար, գրում է The Guardian-ը։
Emtеdad կայքը, վկայակոչելով փաստաբան Մոստաֆա Նիլիին, հայտնել է, որ Փարաստու Ահմադին ու ևս չորս անձինք երկու տարով զրկվել են նաև գեղարվեստական և երաժշտական գործունեությամբ զբաղվելու և արտերկիր մեկնելու իրավունքից։
Գործը հարուցվել է 2024 թվականի դեկտեմբերին YouTube-ում տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում Ահմադին առանց հիջաբի ելույթ է ունենում տղամարդ երաժիշտների ուղեկցությամբ՝ մայրաքաղաք Թեհրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքում, նշում է Նորվեգիայում գործող Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը։
Արևմտյան կառավարություններն ու իրավապաշտպան կազմակերպությունները մտրակահարությունը քննադատել են՝ այն որակելով որպես խոշտանգում և միջազգային իրավունքի խախտում։ Իրանը մերժում է մարդու իրավունքների ոլորտում իր վիճակի վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով, որ արևմտյան երկրները պետք է կենտրոնանան սեփական խնդիրների վրա։
Կանանց հիջաբ կրելու պարտադիր պահանջը 2022 թվականին բողոքի ցույցերի պատճառներից մեկն էր։ Դրանք սկսվեցին քուրդ իրանցի Մահսա Ամինիի կալանքի տակ մահից հետո։ Նա ձերբակալվել էր հագուստի կանոնները ենթադրաբար խախտելու համար։
Լրատվամիջոցը գրում է, որ Թեհրանի փողոցներում և երկրի այլ հատվածներում կանայք ավելի ու ավելի հաճախ են անտեսում այդ կանոնները, իսկ դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը նույնպես դարձել է ավելի ընտրովի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի