Քաղաքականություն
24.11.2026 | 15:45
«Ինչպես միասին ապրել ենք Ղարաբաղում հաղթանակի ուրախությունը, այնպես էլ նույն վճռականությամբ աշխատելու ենք հանուն Կովկասում խաղաղության և բարգավաճման»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիի հռչակագրի միջոցով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը բարձրացրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի։
«Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է»,- հայտարարել է նա։
Թուրքիայի նախագահը նաև խոսել է «Զանգեզուրի միջանցքից»։
«Դա կամրապնդի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքները և նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար։ Մեր պատկերացմամբ՝ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ տիրում է կայուն խաղաղություն, հարևանները առևտուր են անում միմյանց հետ, և յուրաքանչյուր երկիր ստանում է ընդհանուր բարեկեցության իր բաժինը»,- հայտարարել է Էրդողանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի