Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Աշտարակ միլկ» ընկերության՝ Երևանում գործող արտադրամասում երեք տեսակի կաթնամթերքի արտադրությունը։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Սարի կաթ «Կովիկ»» 1,5% պաստերացված կաթի, «Դասական» 7% կաթնաշոռի և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1,5% արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության և հիգիենայի սահմանված պահանջներին։
Նշված երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ քաղաք Երևան, Քանաքեռ- Զեյթուն, Դրոյի փողոց 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված` առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5% արտադրատեսակի, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ» 1.5%» արտադրատեսակների նմուշները՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սարի Կաթ Կովիկ» պաստերացված` առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5%, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1.5% արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: