Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեսիլքներ է ունեցել սատանայի և դժոխքի վերաբերյալ, ինչպես նաև ապրել է երկամյա հոգևոր ճգնաժամ կապված իշխանության գայթակղության հետ․ այս մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Կաթոլիկ եկեղեցու նախկին ղեկավարի՝ վերջերս հրապարակված անձնական օրագրերին։
Ֆրանցիսկոսը նկարագրել է սատանայի հետ երեք հանդիպում՝ հիշելով նրա «կրակե աչքերն» ու սպառնալի ձայնը։
«Ես կասկած չունեմ, որ նա (սատանան) ֆիզիկապես ներկա էր այնտեղ (այդ հանդիպումների ժամանակ)», — գրել է ինքը՝ Ֆրանցիսկոսը։ Ապագա Հռոմի պապն առաջին անգամ նկատել է «նրա սպառնալի, բայց և գրավիչ աչքերը» Բուենոս Այրեսում՝ մեքենայով երթևեկելիս։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել նույն քաղաքում՝ կրոնական արարողության ժամանակ։
Ըստ նրա հիշողությունների՝ մարդկային ցեղի թշնամին հայտնվել է «կրակե աչքերով»․ հայացքը «ավելի սուր էր, քան նախկինում՝ կարծես բոցի լեզուներ լինեին»։ Ինքը՝ Ֆրանցիսկոսը, այդ դեպքը նկարագրել է ոչ թե որպես գայթակղություն, այլ որպես «հրապուրիչ իրավիճակ, որը հետաքրքրասիրություն էր արթնացնում»։
Երրորդ հանդիպումը, ըստ նրա գրառումների, տեղի է ունեցել Չիլիից վերադառնալուց մի քանի օր անց [Հռոմի պապն այնտեղ այցելել էր 2018 թվականի հունվարին]։ «Ես հանդիպման էի Ես տեսա նրան և լսեցի նրա ձայնը՝ հաղթական, հրամայական, կարծես նա տիրացել էր ամեն ինչի։ «Հիմա ես ունեմ այն ամենը, ինչ ուզում էի»,- ասել է սատանան»,- գրել է Պապը։
2018 թվականին նա, ըստ իր խոսքերի, տեսել է դժոխքի մուտքը։ «Նայեցի ներս, և դա ինձ սարսափեցրեց»,- գրել է նա։
2021-ից 2022 թվականներն ընկած ժամանակահատվածում Ֆրանցիսկոսը ճգնաժամ է ապրել՝ կապված իր պապական իշխանության կիրառման հետ. նա մտավախություն է ունեցել, որ կարող է վերածվել մեկի, ով մանիպուլյացիայի է ենթարկում ուրիշներին։
Կարդինալ Վիկտոր Ֆերնանդեսը՝ Ֆրանցիսկոս պապի մերձավոր գործակիցը, հավաքել է օրագրերը (որոնք 1960-ականներից ի վեր պապի կողմից հանրությանը ներկայացված առաջին նմանատիպ գրառումներն են) և դրանք ամփոփել մեկ հատորում՝ ուղեկցելով սեփական մեկնաբանություններով։
«Հռոմի Ֆրանցիսկոս պապի անձնական օրագիրը» (իտ․ – «Il diario privato di Papa Francesco» / «Il Diario personale di Papa Francesco») ներառում է օրագրային գրառումներ, որոնք Ֆրանցիսկոսը՝ արգենտինացի և Ամերիկա աշխարհամասից սերող առաջին Հռոմի պապը, 1992 թվականից սկսած կատարել է պլանավորման համար նախատեսված մի փոքրիկ նոթատետրում։