ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ամերիկյան բարձրաստիճան այլ պաշտոնյաներ «խելահեղ 48 ժամվա» ընթացքում փորձել են «փրկել» Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացված Ջենսեն Հուանգին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)։
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը Թրամփին և Վենսին տեղեկացրել է, որ Հուանգը Արդարադատության նախարարության որևէ հետաքննության ոչ թիրախն է, ոչ էլ մասնակիցը։ WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գերատեսչությունը նաև ապացույցներ չունի, որ Հուանգը խախտել է օրենքը կամ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։
Թերթը սա անվանում է նման մակարդակի սկանդալի մեջ հայտնված անձի հեղինակությունը վերականգնելու «աննախադեպ» փորձ։
WSJ-ի հաղորդմամբ՝ Հուանգի ղեկավարության օրոք Nvidia-ն մի քանի ամիս համագործակցել է ԱՄՆ Արդարադատության նախարարության հետ՝ ընկերության երկու հաճախորդների՝ Megaspeed International-ի և Super Micro-ի կողմից Չինաստան հզոր արհեստական բանականության չիպերի ենթադրյալ մաքսանենգության գործով իրականացվող հետաքննությունների շրջանակում։
ԱՄՆ-ն արդեն Megaspeed-ը և մի շարք այլ ընկերություններ ներառել է առևտրային սև ցուցակում՝ ամերիկյան ընկերություններին արգելելով նրանց չիպեր և այլ տեխնոլոգիաներ վաճառել։
Nvidia-ն հիմնադրման օրվանից ղեկավարած Հուանգը նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել «լրտեսական սկանդալի» ֆոնին։ Նրան կասկածել էին իր ազգանունը կրող Չինաստանի քաղաքացի Էլիս Հուանգի հետ սիրային կապ ունենալու մեջ։ Վերջինս CCTV հեռուստաալիքի նախկին լրագրող է և Megaspeed International-ի նախկին ղեկավար։ NYT-ի տվյալներով՝ ամերիկյան հատուկ ծառայությունները կնոջը համարում են Չինաստանի հետախուզության գործակալ։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չի հաստատել այս տեղեկությունը։ Չինաստանը հերքել է իր առնչությունն այս պատմությանը։
Գործարարը խոստովանել է դավաճանության փաստը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ում հետ է հարաբերություններ ունեցել։ Դրանից կարճ ժամանակ անց The New York Times-ը, հղում անելով ընկերության աղբյուրներին, հայտնել է Հուանգի մեկ այլ սիրային կապի մասին՝ իր ենթակայի հետ։ Իսկ Reuters-ը բացահայտել է գործարարի ենթադրյալ «երրորդ սիրուհուն»։
Նոյեմբերի 23-ին Nvidia-ն հայտարարել է, որ տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկել է Հուանգին ընկերության նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոններում, ինչպես նաև տնօրենների խորհրդի կազմում վերականգնելու օգտին։ Որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ։ Այս ֆոնին Nvidia-ի բաժնետոմսերի գինն աճել է 30%-ով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։