«Միասնության թևեր»․ Չենք ընդունելու իշխանության օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ բացառելով գործող իշխանությունների հետ նոր Սահմանադրության նախագծի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունը։

«Միասնության թևեր» կուսակցությունը գտնում է, որ որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ և չի կարող քննարկվել Սահմանադրության ներկայացված նախագիծը։

Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը և այն ընդունելի դարձնել։ Նրա պաշտոնից հեռանալը չի կարող լինել գին, որով Հայաստանը վճարում է թշնամական երկրի պահանջը կատարելու համար։

Հրաժարականի հարցը և Սահմանադրության փոփոխությունը տարբեր հարցեր են և չեն կարող դրվել միևնույն նժարի վրա։

Այսօրվա իշխանությունների կողմից կազմակերած որևէ հանրաքվե անընդունելի է։

Անընդունելի է նաև հանրային խոր բևեռացման պայմաններում պետության սահմանադրական հիմքը վերաշարադրելու ցանկացած նախաձեռնություն, քանի որ պետականության հիմքերը չեն կարող վերանայվել մի իշխանության վերահսկողության ներքո, որը հանրությանը բաժանում է «խաղաղության կողմնակիցների» և «խոչընդոտողների»։

Գործող իշխանության հետ միայն մեկ հարց կարող է քննարկվել․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, որը կարող է դառնալ պետականության պահպանման ու վերականգնման մեկնարկային կետ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատեց առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։

Leave a comment