Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել

Քաղաքականություն

24.11.2026 | 12:20

Իրանի դատարանները պահանջել են, որ ԱՄՆ-ը 290 միլիարդ դոլարի վնասի փոխհատուցում վճարի։ Այս մասին երկրի հայտարարել է դատական համակարգի պաշտոնյան, գրում է France 24-ը։

«Մենք տեղական դատարաններում հասել ենք այնպիսի վճիռների, որոնցով ամերիկացիների նկատմամբ 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է սահմանվել»,- ասել է Իրանի դատական համակարգի փաստաբանների կենտրոնի ղեկավար Հասան Աբդոլիանփուրը։

Նա նաև հայտնել է, որ մի շարք հայցեր են ներկայացվել Պարսից ծոցի արաբական երկրների դեմ՝ «Իրանի վրա հարձակումներ իրականացնելու նպատակով իրենց տարածքն ԱՄՆ-ին տրամադրելու» համար։

Իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ փոխհատուցման պահանջը վերաբերում է ԱՄՆ-ի՝ տասնամյակներ առաջ կատարած գործողություններին։

ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված ծանուցման համաձայն էլ՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել՝ թիրախավորելով տասնյակ անձանց և կազմակերպությունների։

Մերձավոր Արևելքի պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածների շարք են իրականացրել՝ սպանելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել տարածաշրջանի տարբեր երկրների ուղղությամբ՝ հայտարարելով, որ թիրախավորում է այդ երկրներում տեղակայված ամերիկա-իսրայելական բազաներն ու օբյեկտները։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը, որը նպատակ ուներ ճանապարհ հարթել խաղաղության համաձայնագրի կնքման համար, ներառում էր դրույթ, ըստ որի՝ Վաշինգտոնն ու տարածաշրջանային գործընկերները պետք է մշակեին առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր՝ Իրանի «վերականգնման և տնտեսական զարգացման» համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment