Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք

Քաղաքականություն

24.11.2026 | 12:02

Ռուսական անօդաչու թռչող սարքը ներխուժել է Լեհաստանի օդային տարածք և կարճ ժամանակ մնացել այնտեղ։ Այս մասին նոյեմբերի 24-ի գիշերը երկրի զինված ուժերը հայտնել են X միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գրառման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի արևմտյան հատվածում գտնվող թիրախների ուղղությամբ Ռուսաստանի հարձակման ժամանակ։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը ռադարների միջոցով անընդհատ հետևել է անօդաչու թռչող սարքի տեղաշարժին։ Հրաման է տրվել ոչնչացնել այն։ Սակայն այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը փոխել է ուղղությունը դեպի արևելք, որոշվել է զերծ մնալ զենքի կիրառումից՝ այն ոչնչացնելու դեպքում քաղաքացիական բնակչության համար հնարավոր վտանգից խուսափելու նպատակով։

Նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Լյուբլինի վոյևոդությունում իշխանություններն օդային տագնապ են հայտարարել։ Երկրի հարավարևելյան սահմանամերձ շրջանների բնակիչներին հորդորել են պատսպարվել ապաստարաններում, հաղորդում է dpa գործակալությունը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Լեհաստան է ուղարկում AWACS հետախուզական ինքնաթիռ՝ երկրի օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Ինքնաթիռը վերատեղակայելու որոշումն ընդունվել է նոյեմբերի 20-ին Լեհաստանի տարածքում ռուսական երեք Х-101 հրթիռների բեկորների ընկնելու միջադեպից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment