Կա՛մ ազատեք տունը, կա՛մ վճարեք վարձը․ Անի Ավետիսյանը վիրավորված է պետության վերաբերմունքից

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևի կողմից Շաքի գյուղում հրազենային ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանը շարունակում է բուժում ստանալ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Չնայած նրան, որ բուժանձնակազմն ամեն ինչ անում է օր առաջ Անիին ոտքի կանգնեցնելու համար, Անին դեռևս չի քայլում, ավելին, նրան դեռ առաջիկայում սպասվում է նոր վիրահատություն։

«Ինձ ուժ են տալիս մեր հայրենակիցների ոգևորիչ խոսքերը, բուժանձնակազմի ջերմ վերաբերմունքը։ Տարբեր կազմակերպություններից հաճախ են այցելում ինձ, մեդալներ ու խրախուսական պատվոգրեր փոխանցում, բայց իշխանություններից վիրավորված եմ։ Հարցը միայն հիվանդանոցի ծախսերը հոգալը չէ, հարցը պարզ վերաբերմունքն է»,-MediaHub-ին ասաց Անի Ավետիսյանը։

Խոսքը իշխանության ներկայացուցիչների պահվածքի մասին է, որոնք ամեն կերպ փորձում էին արդարացնել ադրբեջանցի զինված զինծառայողին, որն անխոչընդոտ մտել է Շաքի, դիրքավորվել Ավետիսյանների տանը, պատանդ վերցրել երեխաներին։ Իսկ երբ մայրը փորձել է պաշտպանել երեխաներին, Մուսաևը 6 անգամ կրակել է Անիի ուղղությամբ, ստացել ծանր վիրավորում ու մարմնական վնասվածքներ։ Անին նկատել է, որ դեպքի հետ կապված իշխանության կողմից մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի իրեն․ «Ի՞նչ է նշանակում՝ մայրը պետք է զանգեր ոստիկանություն ու սպասեր նրանց ժամանելուն»։

Անի Ավետիսյանը բժիշկների օգնությամբ կանգնում է մեկ ոտքի վրա, սակայն, դեռևս քայլելն անհնար է։ Մարմանական վնասվածքներից բացի կոկորդում ցավ է զգում, հազում է։ Բայց այս վիճակում էլ, նրա ուշքն ու միտքը երեխաներն են։

«Երեխաներս ապրում են ծնողներիս տանը, դպրոց են հաճախում։ Շաքիի վարձով տնից մեզ հանում են, տանտերն ասում է կամ «վեշերդ» հավաքի, տունն ազատի, կամ վարձը վճարի։ Սոցիալական ծանր վիճակում է հայտնվել ընտանիքս։ Եթե նույնիսկ ապաքինվեմ և դուրս գրվեմ հիվանդանոցից, ինչպե՞ս եմ աշխատելու, որ հոգամ ընտանիքիս ծախսերը։ Իսկ պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերում»,- եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը։

Leave a comment