Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ նոյեմբերի լույս 24-ի գիշերը ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ թռել է ուկրաինական 355 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են «հեռավոր մատույցներում»։ Սոբյանինը տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 63 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։
Ռոսավիացիայի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայանները մի քանի ժամ շարունակ չվերթներ ընդունել և իրականացրել են միայն համաձայնեցմամբ։
Նոյեմբերի 23-ի երեկոյան անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով սահմանափակումներ են մտցվել նաև Կալուգայի մարզի «Գրաբցևո» օդանավակայանում։ Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Շապշան հայտնել է, որ երեկոյան և գիշերվա ընթացքում տարածաշրջանի երկնքում ոչնչացվել է 60 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքի և բռնակցված Ղրիմի երկնքում խոցվել է ուկրաինական 699 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Մոսկվայի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի վրա։