Ռուսական զորքերը լույս նոյեմբերի 24-ի գիշերը հարձակվել են Զապորոժիեի վրա։ Երկու մարդ զոհվել է, ևս 32-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը, գրում է Current time-ը։
Ավելի ուշ Սեմիկինը հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է 40-ի, որոնց թվում չորս երեխա կա։ Նրանցից ամենափոքրը դեռ մեկ տարեկան էլ չկա, մյուս երեխաները 4, 6 և 16 տարեկան են։
Հարձակման հետևանքով ավերվել է մի մասնավոր տուն, իսկ հինգ հարկանի շենքը մասամբ փլուզվել է։ Վնասվել են նաև բազմահարկ և առանձնատներ, ավտոմեքենաներ ու տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ։
Նոյեմբերի 23-ի երեկոյան ռուսական զինվորականները հարվածել են Զապորոժիեի Կոսմիչեսկի շրջանում գտնվող ամառանոցների կոոպերատիվին։ Հրդեհվել է տնտեսական շինություն, տուժել է յոթ մարդ։
Պավլոգրադում տուժել է երկու մարդ, Սամարովսկի շրջանում վնասվել են պահեստային տարածքներ։ Վիննիցայում հարվածի տակ է հայտնվել ենթակառուցվածքային օբյեկտ, վնասվել են տրոլեյբուսն ու ավտոմեքենան։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժել է մեկ մարդ։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը երեքշաբթի առավոտյան հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը հարձակվել է 96 ԱԹՍ-ներով, դրանցից 73-ը խոցվել կամ ճնշվել է, այդ թվում՝ 45 ռեակտիվ անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի