Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն

«Իմ ամբողջ կարիերայի ընթացքում տեսել եմ, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք կարելի է շատ ավելի լավ լուծել, և դա կարող է ազդել մարդկանց կյանքի վրա։ Ես նաև տեսել եմ, որ ԱՀԿ-ն ունի դրա համար անհրաժեշտ գործիքների մեծ մասը»,- ասել է Թամամյանը։

Նա իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի» կարգախոսով։ Թամամյանի խոսքով՝ բժշկական օգնության հավասար հասանելիության իր հանձնառությունը հիմնված է փոքր, միջինից ցածր եկամուտ ունեցող երկրից սերելու անձնական փորձի վրա, որն էլ ձևավորել է նրա մասնագիտական ողջ ուղին։

«Մարդը մարդ է։ Կարևոր չէ, թե որտեղից է նա»,- ասել է Թամամյանը՝ ընդգծելով, որ արդարության սկզբունքը պետք է առանցքային լինի առողջապահության համաշխարհային համակարգում։

Այս սկզբունքն ընկած է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի համար նրա պայքարի հիմքում, քանի որ կազմակերպության դերի, արդյունավետության և միջազգային համագործակցությունը պահպանելու կարողության վերաբերյալ հարցերն ավելի ու ավելի են շատանում։

ԱՀԿ-ի հաջորդ գլխավոր տնօրենի առջև ծառացած խնդիրները դուրս են գալիս բուն կազմակերպության աշխատանքի բարելավման շրջանակներից․ կառույցը բախվում է նաև անդամ խոշորագույն պետություններից մի քանիսի վստահության ճգնաժամին։2026 թվականին կազմակերպության պատմական  խոշորագույն ֆինանսավորողը՝ Միացյալ Նահանգները, պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից։ Դուրս գալու մասին հայտարարել է նաև Արգենտինան։

Այս տարվա սկզբին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Թեդրոսը հայտարարել էր, որ ընթացիկ դարի առաջին երկու տասնամյակները գլոբալ առողջապահության ոսկե դարաշրջանն էին, սակայն այդ շրջանն արդեն ավարտվել է։

Ընտրվելու դեպքում Թամամյանը խոստացել է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել ԱՄՆ և Արգենտինա՝ փորձելով նրանց վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք ավելի ուժեղ ենք, երբ միասնական ենք, և նույնիսկ եթե ինչ-որ հարցում համաձայն չենք, պետք է բոլորին պահենք բանակցությունների սեղանի շուրջ։ Քննարկման ընթացքում տարաձայնություններ ունենալն ավելի լավ է, քան  քննարկման բացակայությունը»,- ասել է նա։

Երկու երկրներն էլ քննադատել են ԱՀԿ-ին՝ թափանցիկության անբավարարության և COVID-19 համավարակի կառավարման համար։ Նրանք նաև մատնանշել են, իրենց բնորոշմամբ, «լուրջ կառուցվածքային և գործառնական թերությունները, որոնք խաթարել են համաշխարհային վստահությունը և ընդգծել գլոբալ առողջապահության ոլորտում անկախ, գիտական հիմքի վրա գործող ղեկավարության հրատապ անհրաժեշտությունը»։

Թամամյանն ընդունել է, որ վստահությունն ու հաշվետվողականությունը վերականգնելու համար անհրաժեշտ է լուծել կազմակերպության ներսում առկա թաքնված խնդիրները։

«Մենք կանգնած ենք հսկաների ուսերին, և այս տասնամյակների ընթացքում առողջապահության ու բժշկության ոլորտներում հսկայական առաջընթաց է գրանցվել»,- ասել է նա՝ հավելելով, որ «հետադարձ հայացքով քննադատելը միշտ հեշտ է»։

Թամամյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես ապահովել, որ ԱՀԿ-ն ամուր կանգնած լինի իր ոտքերի վրա՝ որպես համաշխարհային առողջապահության առաջատար։

Leave a comment