Փոսերում մեքենան ջարդած վարորդները փոխհատուցում կստանա՞ն. ո՞ւմ դիմել

Արխիվային լուսանկար

 

Մայրաքաղաքի ճանապարհների վիճակը վերջին օրերին շարունակում է մեծ մտահոգություն առաջացնել վարորդների շրջանում. մարդաբոյ փոսերի, վատ մաքրված ճանապարհների պատճառով քաղաքացիներից շատերը վնասել են իրենց մեքենաները, և դեռևս պարզ չէ՝ ինչ ճակատագիր են ունենալու իրենց ջարդ ու փշուր եղած մեքենաները, արդյո՞ք քաղաքային իշխանությունը կամ պատասխանատու մյուս օղակները փոխհատուցելու են պատճառված վնասները։

«Novalex» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանի խոսքով՝ ոմանք արդեն ստիպված են եղել դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցում մեքենաների վնասների կամ ճանապարհային վթարների համար։

«Նախկինում քաղաքապետարանի կողմից իրականացված ոչ պատշաճ աշխատանքների պատճառով եղած վնասումների դեպքում քաղաքացիները հաջողությամբ ստացել են փոխհատուցումներ»,- նշեց Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ Երևանի քաղաքապետարանի վերահսկողությունը ոչ միայն ճանապարհաշինության, այլ նաև մյուս ոլորտներում պետք է գնահատվի ոչ բավարար: 

«Քաղաքացիները պետք է նախապես տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին։ Եթե վնաս է հասցվել մեքենային, առաջին քայլը ոստիկանություն կամ պարեկային ծառայություն զանգելն է, որպեսզի արձանագրվի դեպքը և վնասի չափը»,- ներկայացրեց Գրիգորյանը:

Քաղաքացիներն, ըստ փաստաբանի, պետք է սկզբից դիմեն քաղաքապետարան՝ փոխհատուցման համար: Եթե մերժում ստանան, հաջորդ քայլը դատարանն է, որտեղ իրենց իրավունքների պաշտպանությունը կարող է հանգեցնել փոխհատուցման։ Բայց, ըստ Գրիգորյանի, դատական գործընթացում միանշանակ չէ, որ արդյունքը դրական է լինելու։ 

«Չի կարելի ասել, որ քաղաքացիները միանշանակ կստանան դրական արդյունք, քանի որ դատարանը առաջնորդվում է գործող փաստերի, իրավական և օրենսդրական կարգավորումների համատեքստում։ Սակայն դրանով պայմանավորված հրաժարվել փորձելուց և սեփական իրավունքների պաշտպանությանը տեր կանգնելուց, նույնպես անընդունելի է»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Ավելին, ըստ մեր զրուցակցի, անգամ ինքնավթարների դեպքում քաղաքացին կարող է պահանջել փոխհատուցում, եթե վթարը տեղի է ունեցել ճանապարհների վատ վիճակի պատճառով: 

«Եթե վթարը տեղի է ունեցել ճանապարհի վատ վիճակի հետևանքով և քաղաքացին կարող է դա ապացուցել, նա իրավունք ունի դիմելու վնասի փոխհատուցման պահանջով: Քաղաքապետարանը գործով պարտվելու դեպքում իրավունք ունի ռեգրեսիվ հայց ներկայացնել այն ճանապարհաշինական ընկերության նկատմամբ, որը ճանապարհը վատ որակով է կառուցել»,- եզրափակեց խոսքը Վահե Գրիգորյանը:

Ալիտա Եղիազարյան

Leave a comment