Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

23.11.2026 | 21:53

Նոյեմբերի 23-ին գերմանական լրատվամիջոցները, հղում անելով Գերմանիայի և արևմտյան այլ երկրների հատուկ ծառայությունների գնահատականներին, պնդել են, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ ուղեծիր դուրս բերել միջուկային զենքով արբանյակ։ Այս մասին, մասնավորապես, հայտնում են WDR և NDR հեռուստառադիոընկերությունները, ինչպես նաև Süddeutsche Zeitung թերթը, փոխանցում է Current time-ը։

Ըստ այդ տեղեկությունների՝ Sputnik-S անվանումը կրող սարքն արդեն հավաքված է, պահվում է Մոսկվայի մարզում և պատրաստ է առաջիկա շաբաթներին արձակման։ Հրապարակումները հղում են անում Բունդեսվերի և Գերմանիայի հետախուզական ծառայության (BND) գնահատականներին։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունները վերջերս համապատասխան նախազգուշացում են ստացել։

Ի պատասխան WDR-ի, NDR-ի և Süddeutsche Zeitung-ի հարցման՝ Ռուսաստանի դեսպանատնից հայտարարել են, որ արբանյակի մասին տեղեկություններ չունեն, ինչպես նաև վճռականորեն հերքել են Ռուսաստանի «տիեզերական գործունեության վերաբերյալ բոլոր անհիմն ենթադրությունները»։ Գերմանական լրատվամիջոցների հրապարակմանն անդրադարձած Reuters-ը ևս նշում է, որ Ռուսաստանի դեսպանատունը, BND-ն և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը դեռևս չեն պատասխանել մեկնաբանությունների վերաբերյալ հարցումներին։

1967 թվականի Տիեզերքի մասին պայմանագիրն արգելում է զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումը ուղեծրում։ Մոսկվան նախկինում կտրականապես հերքել է նման ծրագրերի գոյությունը։

Ռուսաստանի կողմից տիեզերքում միջուկային զենք տեղակայելու թեման առաջին անգամ բարձր մակարդակով բարձրացվել է 2024 թվականի սկզբին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ, կոնգրեսական Մայք Թերները հայտարարել էր Ռուսաստանի հետ կապված՝ ԱՄՆ ազգային անվտանգության համար «լուրջ սպառնալիքի» մասին։ Խոսքը միջուկային տեխնոլոգիաների կիրառմամբ տիեզերական հակաարբանյակային զենքի հնարավոր մշակման մասին էր։

Թե՛ Թերների գնահատականներում, թե՛ ենթադրյալ Sputnik-S-ի դեպքում խոսքը ոչ թե տիեզերքից Երկրի վրա միջուկային մարտագլխիկներ նետելու, այլ ուղեծրում գտնվող արբանյակները ոչնչացնելու նպատակով միջուկային զենքի կիրառման մասին է։ Այդ ժամանակ Politico-ն գրել էր, որ ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է «Ռուսաստանի կողմից միջուկային հակաարբանյակային զենքի հնարավոր ստեղծման» մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը ապագայում կարող է պատերազմներ վարել տիեզերքում և միջուկային զենք կիրառել արբանյակների դեմ։

Միaժամանակ, մի շարք փորձագետներ կասկածի տակ էին դնում նման հարվածների արդյունավետությունը, ինչպես նաև այն, որ Մոսկվան իսկապես մտադիր է միջուկային մարտագլխիկներ տեղակայել տիեզերքում։ Ավելի իրատեսական էր համարվում այն վարկածը, որ խոսքը կարող է լինել ոչ թե տիեզերքում միջուկային զենք տեղակայելու, այլ միջուկային կայանքը որպես շարժիչ օգտագործող արբանյակ արձակելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment