ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է քառակողմ հանդիպում անցկացնել նույնիսկ վաղը։ Միևնույն ժամանակ, գործընկերները Կիևին հայտնել են, որ փորձելու են այն կազմակերպել մինչև Սուրբ Ծնունդ։ Ուկրաինական կողմը հույս ունի, որ բանակցությունները տեղի կունենան ավելի վաղ։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայի, Եվրոպայի, Ամերիկայի և Ռուսաստանի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը կայանա հնարավորինս շուտ։ Մենք պատրաստ ենք դրան բառացիորեն վաղը։ Գործընկերներից լսել ենք, որ նրանք ցանկանում են փորձել այն անցկացնել մինչև Սուրբ Ծնունդ։ Հույս ունենք, որ դա տեղի կունենա ավելի վաղ», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Սակայն բանակցություններն անցկացնելու համար անհրաժեշտ է նախապես ընդհանուր դիրքորոշում մշակել։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պետք է համաձայնեցնեն այն օրակարգը, որով հանդես կգան հանդիպման ընթացքում։

«Մենք պետք է այս հանդիպմանը ներկայանանք հստակ օրակարգով, որը նախապես կմշակվի և կհամաձայնեցվի բոլորիս՝ Ուկրաինայի, Եվրոպայի և Ամերիկայի կողմից։ Համատեղ ուժեղ նախապատրաստությունը պետք է մեզ ավելի ուժեղ արդյունք ապահովի»,- ընդգծել է նա։

Զելենսկի առանձին ընդգծել է, որ եվրոպացի ներկայացուցիչները պետք է բանակցությունների անմիջական մասնակիցները լինեն։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել Եվրոպային այս գործընթացում ներգրավելու հարցում։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան դիվանագիտական ջանքերի հենց սկզբից պնդել է նման ձևաչափի անհրաժեշտությունը։ Նա նաև պարզաբանել է, որ եվրոպական երկրները պետք է մասնակցեն իրենց ապագային անմիջականորեն առնչվող հարցերի քննարկմանը։

«Եվ այժմ ամերիկյան կողմին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել եվրոպացի ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ ներգրավելու վերաբերյալ։ Մենք դա պնդում էինք դիվանագիտական բոլոր այս ջանքերի առաջին իսկ օրվանից։ Հույս ունենք, որ դա կհաջողվի։ Եվրոպան պետք է իր տեղն ունենա բանակցությունների սեղանի շուրջ, երբ քննարկվում է սեփական ապագան», -ասել է նա։

Զելենսկին կարծում է, որ պատերազմի ավարտի վերաբերյալ ապագա պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության շահերը։ Նա առաջարկվող ձևաչափը ներկայացրել է որպես բանակցություններ, որոնցում Ուկրաինան, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը հանդես կգան մեկ միասնական կողմով, իսկ Ռուսաստանը՝ մյուս։

Նրա խոսքով՝ խոսքը Ռուսաստանի և արևմտյան աշխարհի միջև ավելի լայն երկխոսության մասին է, քանի որ Ուկրաինան կիսում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության արժեքները։ «Սա նշանակում է, որ Ուկրաինան, Եվրոպան և Ամերիկան մի կողմում են, իսկ Ռուսաստանը՝ մյուս։ Իսկ ինչպիսի տեսք ունի դա։ Փաստացի, դա ՆԱՏՕ-Ռուսաստան, ԵՄ-Ռուսաստան, Արևմուտք-Ռուսաստան բանակցություններ են։ Որովհետև Ուկրաինան արդեն 100 տոկոսով այդ ընդհանուր արժեքները կրող աշխարհի՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Արևմուտքի մաս է»,- ամփոփել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացել էին  Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները։ Դրանց արդյունքներով կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, ինչպես նաև քննարկել են դրանցում եվրոպացի ներկայացուցիչների ներգրավման հնարավորությունը։

Նոյեմբերի 21-ին Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ցանկանում է խաղաղ բանակցությունների նոր փուլ կազմակերպել մինչև դեկտեմբերի 25-ը։ Դրանից առաջ պետք է կայանան տեխնիկական հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը կմշակեն բանակցությունների բովանդակությունն ու ակնկալվող արդյունքները։

Լրատվամիջոցը նշում է,որ Կրեմլում Աբու Դաբին դիտարկում են որպես Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր անցկացման վայր։

Միևնույն ժամանակ, Եվրամիությունում առաջարկել են պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Եվրոպայի տարածքում։ Հնարավոր վայրերի թվում նշվել են Շվեյցարիան, Նորվեգիան և Թուրքիայի եվրոպական հատվածը։

Leave a comment