Տնտեսական աճը Հայաստանում դանդաղում է․ Համաշխարհային բանկի զեկույցը
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացումների նոյեմբերյան վերլուծությունը, որում անդրադարձել է երկրի տնտեսական ակտիվությանը, գնաճին, արտաքին առևտրին, դրամական փոխանցումներին և պետական բյուջեի ցուցանիշներին։
Ըստ զեկույցի՝ սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը դանդաղել է՝ օգոստոսի 5.2 տոկոսից հասնելով 5 տոկոսի։ Հիմնական զսպող գործոնը արդյունաբերական արտադրանքի ծավալների շարունակական կրճատումն է։
Հայաստանի տնտեսական ակտիվության աճը սեպտեմբերին շարունակել է դանդաղել։ Եթե օգոստոսին այն կազմել էր 5.2 տոկոս, ապա սեպտեմբերին նվազել է մինչև 5 տոկոս՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի՝ 2026 թվականի նոյեմբերի տնտեսական զարգացումների զեկույցում։
Տնտեսական աճի դանդաղման հիմնական պատճառներից մեկը արդյունաբերական արտադրանքի ծավալների շարունակական կրճատումն է։ Սեպտեմբերին արդյունաբերությունը նվազել է 4.5 տոկոսով, իսկ մշակող արդյունաբերության անկումը կազմել է 7.1 տոկոս։ Մասնավորապես, նվազել է ծխախոտի և հիմնական մետաղների արտադրությունը։ Միևնույն ժամանակ, աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 25.9 տոկոս, ինչպես նաև ոչ առևտրային ծառայություններում՝ 15.1 տոկոս։
Արտահանումը նվազել է, ներմուծումն աճել
Սեպտեմբերին Հայաստանից արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է 18.6 տոկոսով, մինչդեռ ներմուծումն աճել է 7.2 տոկոսով։ Արտահանման անկումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման 51.2 տոկոս կրճատմամբ։ Նվազել է նաև պատրաստի սննդամթերքի և բուսական ծագման ապրանքների արտահանումը։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին արտահանումը նվազել է 8 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 9.5 տոկոսով։
Գնաճը պահպանվել է 4.3 տոկոսի մակարդակում
Հոկտեմբերին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 4.3 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը սեպտեմբերի 6.2 տոկոսից նվազել է մինչև 5.6 տոկոս, սակայն բնակարանների վարձակալության և այլ ծառայությունների գների աճը պահպանել է ընդհանուր գնաճի մակարդակը։ Նոյեմբերի 3-ին Կենտրոնական բանկը 0.25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 7 տոկոսի։
Նվազել են նաև դրամական փոխանցումները
Հոկտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները նվազել են 20 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Հիմնական պատճառը ԱՄՆ-ից զուտ ներհոսքի 62 տոկոս անկումն է։
Միևնույն ժամանակ, հայկական դրամը շարունակել է արժևորվել․ տարեկան կտրվածքով այն ամրապնդվել է 5.5 տոկոսով հիմնական արժույթների նկատմամբ։
Բյուջեն՝ հավելուրդով