Ադրբեջանը Սերբիայում էլեկտրակայան կկառուցի | Factor.TV

Սերբիան և Ադրբեջանը փետրվարի 15-ին համաձայնագիր են ստորագրել Սերբիայում գազատուրբինային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ փետրվարի 15-ին Բելգրադ կատարած այցի ժամանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կայանը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2029 թվականը։

Ալիևի խոսքով՝ կայանի կառուցումը կլինի Ադրբեջանի ամենամեծ ներդրումներից մեկը Եվրոպայում։

«Այս հարցը կգտնվի նախագահի վերահսկողության ներքո։ Այս էլեկտրակայանը և դրան առնչվող գործընթացը հնարավոր են  դարձել Սերբիայի ներդրումային միջավայրի շնորհիվ»,- ասել է Ալիևը Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նաև էլեկտրակայանի կառուցումն անվանել է «էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի կարևոր ցուցանիշ»՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պատրաստ է «մեծ գումարներ» ներդնել Սերբիայում գործող էլեկտրակայանների կառուցման և արդիականացման գործում։ Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը սկսել է բնական գազ մատակարարել Սերբիային։

«Այսօր մենք համաձայնության եկանք արտահանման ծավալները մեծացնելու հարցով, գազը կվերամշակվի էլեկտրաէներգիայի։ Մաքուր էներգիա կարտադրվի ներքին շուկայի համար, և մոտ ապագայում կստեղծվեն նաև արտահանման հնարավորություններ Սերբիայի համար», – ասել է Ալիևը։

Վուչիչը, իր հերթին, հայտարարել է, որ 2029 թվականին Սերբիայի հարավային Նիշ քաղաքում կբացվի 500 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան։ Նա ընդգծել է նմանատիպ ավելի շատ կայանների կառուցման կարևորությունը։

«Պետք է լինեն էլեկտրաէներգիայի արտադրության բազմաթիվ նոր աղբյուրներ։ Ես խնդրել եմ նախագահ Ալիևին՝ անձամբ օգնել մեզ այս հարցում»,- ասել է Վուչիչը։

Սերբիան առաջին անգամ դիվերսիֆիկացրել է իր մատակարարման աղբյուրները՝ 2023 թվականի վերջին գազի մատակարարման պայմանագիր կնքելով ադրբեջանական SOCAR-ի հետ։ Անցյալ տարի ադրբեջանական գազը կազմել է երկրի ընդհանուր ներմուծման 8 տոկոսը։

Ադրբեջանի նախագահի՝ Սերբիա կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Փետրվարի 11-ին Բաքվում ստորագրվել էր 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Վուչիչը նշել է, որ մայիսի սկզբին նաև Բաքվի և Բելգրադի միջև ուղիղ ավիաչվերթ կբացվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment