«Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին:
Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացավող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններին, տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին»։