Բայրամովը՝ ՀՀ Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայության մասին․ «Բարձր ենք գնահատում»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը, հայտարարել է, որ Բաքուն «բարձր է գնահատում» տարածքային պահանջների բացակայությունը»:

Բաքուն Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ է համարում ՀՀ գործող Սահմանադրության մեջ առկա հղումն Անկախության հռչակագրին, որը բացակայում է նոր նախագծում:

«Մեզ համար միակ կարևոր հարցը Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների բացակայությունն է նոր Սահմանադրության մեջ: Դատելով հրապարակված տեքստից՝ այժմ նման պահանջներ չկան: Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,-ասել է Բայրամովը, հայտնում է APA-ն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախկինում հստակ ներկայացրել է խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման իր միակ նախապայմանը, որը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացմանը»։

Միաժամանակ Բայրամովն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների իրականացումը Հայաստանի ներքին գործընթացն է, և դրանց ժամկետների որոշումը դուրս է Ադրբեջանի իրավասություններից։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել այսօր ներկայացված Հայաստանի Սահմանադրության նախագիծը։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չլինեն»,– հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Ներկայիս Սահմանադրության նախաբանը սկսվում է «Հայ ժողովուրդը» ձևակերպմամբ, մինչդեռ առաջարկվող տարբերակում օգտագործվել է «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» արտահայտությունը։ Նոր տեքստում այլևս ներառված չէ նաև «Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» ձևակերպումը։

Leave a comment