Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.11.2026 | 16:08

Ստամբուլի Սարըյեր շրջանում շարունակվում են առյուծի որոնումները այն բանից հետո, երբ անվտանգության տեսախցիկների տեսագրություններում Ուսքումրուքյոյ թաղամասում նկատվել է մի կենդանի, ենթադրաբար՝ էգ առյուծ, գրում է Daily Sabah-ը։

Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ հայտնաբերվել է այն տարածքը, որտեղ նկատվել է կենդանին, աշխատանքներ են տարվում նրան ողջ բռնելու ուղղությամբ։

Որոնողական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ կիրակի տեղական ժամանակով 18։00-ի սահմաններում շրջանային ժանդարմերիան ահազանգ է ստացել։ Երկուշաբթի առավոտյան որոնողական գործողություններն ուժեղացվել են։  Այն անտառապատ տարածքի շուրջ, որտեղ, ենթադրաբար, գտնվում է կենդանին, ինչպես նաև հարակից առանձնատների շրջանում անվտանգության լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել։ Տարածք մուտքն ու ելքը վերահսկվում է։

Գործողության շրջանակում իշխանություններն ուսումնասիրել են մերձակա տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Որոնողական աշխատանքներին հետևել են նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Միջադեպը կրկին ուշադրություն է հրավիրել Թուրքիայում վտանգավոր վայրի կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ պահելու վերաբերյալ գործող կանոնակարգերի վրա։ Թուրքիայի Կենդանիների պաշտպանության մասին թիվ 5199 օրենքի 14-րդ հոդվածով արգելվում է համապատասխան նախարարության կողմից վտանգավոր դասակարգված կենդանիներ պահելը, բազմացնելը, տեղավորելը կամ ձեռք բերելը։ Երկրի՝ ցամաքային որսի մասին թիվ 4915 օրենքը նույնպես կարգավորում է վայրի կենդանիների որսը, տիրապետումը, բազմացումն ու առևտուրը՝ համապատասխան դեպքերում սահմանելով թույլտվություն ստանալու պահանջ։

«Առյուծի գտնվելու վայրը պարզվել է, բոլոր ջանքերը գործադրվում են նրան ողջ բռնելու ուղղությամբ»,- ասվում է Ստամբուլի նահանգապետարանի հայտարարության մեջ։

Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment