Կյանքի արժեքի շարունակական բարձրացմանը զուգահեռ աճում է նաև «ամերիկյան երազանքի» գինը։
Այս եզրույթը, որը շրջանառության մեջ է դրել գրող Ջեյմս Թրասլոու Ադամսը, խորհրդանշում է սեփական տուն ունենալու, նյութական բարեկեցության և սոցիալական վերելքի ձգտումը։ Investopedia-ի վերջին վերլուծության համաձայն՝ «ամերիկյան երազանքի» իրականացումն այժմ 4 տոկոսով ավելի թանկ արժե, քան մեկ տարի առաջ։
Հաշվի առնելով կյանքի ութ հիմնական բաղադրիչները՝ տան ձեռքբերումը, նոր ավտոմեքենա գնելը, երկու երեխա մեծացնելն ու նրանց բարձրագույն կրթություն տալը, կենսաթոշակի անցնելը, առողջապահական ծախսերը, հարսանեկան արարողությունը, ընտանի կենդանիներ պահելը և ամենամյա արձակուրդը, «ամերիկյան երազանքը» մարդու ողջ կյանքի ընթացքում միջինում արժե 5.3 միլիոն դոլար։
Այնուամենայնիվ, չնայած բարձր արժեքին, ամերիկացիները շարունակում են հավատարիմ մնալ «սպիտակ ցանկապատով տան» դասական իդեալին։ Gallup-ի վերջին հարցման արդյունքներով՝ հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ «ամերիկյան երազանքին» արժե ձգտել։ Այս ցուցանիշն անփոփոխ է մնացել 2024 թվականից ի վեր։
Investopedia-ի տվյալներով՝ բակալավրի աստիճան ունեցող միջին վիճակագրական աշխատողը 25-ից 64 տարեկանում վաստակում է շուրջ 3.6 միլիոն դոլար, իսկ 20 տարվա միջին սոցիալական կենսաթոշակը ներառյալ՝ ընդհանուր եկամուտը հասնում է 4.1 միլիոն դոլարի։ Սա մոտավորապես 1.2 միլիոն դոլարով զիջում է 5.3 միլիոն դոլարի թիրախային ցուցանիշին։
Աճող ծախսեր
Զեկույցում նշվում է, որ եթե ծախսերի որոշ կատեգորիաներ զգալիորեն թանկացել են, ապա մյուսները գրեթե անփոփոխ են մնացել։
Անշարժ գույքի ձեռքբերման ծախսերն աճել են 7.7 տոկոսով՝ 2025 թվականի 1,184,493 դոլարից 2026 թվականին հասնելով 1,275,782 դոլարի։ Ըստ Investopedia-ի՝ սա «ամերիկյան երազանքի» ամենածախսատար բաղադրիչն է։
Իլինոյսի համալսարանի ֆինանսների պրոֆեսոր Ջեֆրի Ռ. Բրաունը Inc.-ին տված հարցազրույցում նշել է, որ բնակարանային շուկան ամենացայտուն կերպով է ցույց տալիս, թե որքան է բարդացել «ամերիկյան երազանքի» իրականացումը։
«Առաջին անգամ տուն գնողների միջին տարիքն այժմ 40-ն է, մինչդեռ մեկ սերունդ առաջ նրանք 20-30 տարեկան էին։ Փոխվել է նաև կենսաթոշակային համակարգը, ինչը միանշանակ թվերով արտահայտելն ավելի է դժվարացնում։ Աշխատողների մեծ մասն այլևս չունի ցմահ երաշխավորված կենսաթոշակ, ուստի խնայողություններ կատարելու, ներդրումներ անելու և կուտակած միջոցները երկարաժամկետ կառավարելու բեռն այժմ ընկնում է հենց անհատների ուսերին», — ընդգծել է նա։
Մասնագետների կարծիքով՝ թղթի վրա գրված յոթանիշ թիվը կարող է վախեցնող թվալ և որոշ չափով մոլորեցնել տարբեր առաջնահերթություններ ունեցող ընտանիքներին։
«Ոչ ոք միանգամից չի վճարում 5.3 միլիոն դոլար, ինչպես նաև ոչ ոք իր ողջ կյանքի եկամուտը միանգամից չի ստանում, — նշել է Բրաունը։ — Ավելի տեղին հարց է, թե արդյոք տվյալ տարում միջին ընտանիքի եկամուտը բավարարում է իրենց ցանկալի կենսամակարդակն ապահովելու համար, իսկ այս ընդհանուր թիվը դա ցույց չի տալիս»։
Investopedia-ի զեկույցի համաձայն՝ ամենամեծ աճը՝ 8.9 տոկոս, գրանցվել է երեխաների դաստիարակության և խնամքի ծախսերի ոլորտում, մինչդեռ ավտոմեքենայի սեփականության ծախսերն ավելացել են ընդամենը 0.5 տոկոսով։
«Որոշ ոլորտներ, մասնավորապես՝ բնակարանային ապահովումն ու երեխաների խնամքը, զգալիորեն բարդացել են, մինչդեռ մյուսները՝ ոչ», — ասել է Բրաունը՝ հավելելով, որ ընտանիքները հաճախ ստիպված են լինում զոհաբերել կենսաթոշակային խնայողությունները, երբ ընթացիկ եկամուտը չի բավարարում բոլոր ծախսերը հոգալու համար։ — «Կենսաթոշակային խնայողությունները չափազանց կարևոր են, սակայն շատ հեշտ է դրանք հետաձգել՝ ինքդ քեզ համոզելով, որ հետագայում կլրացնես բացը։ Այդ ընտրության իրական գինն ի հայտ է գալիս միայն տասնամյակներ անց, երբ իրավիճակը շտկելն արդեն շատ ավելի դժվար է լինում»։