Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ

Քաղաքականություն

23.11.2026 | 15:19

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է արտաքին քաղաքականության նպատակների շարքում առանձին ամրագրել խաղաղության ապահովումը։ Եթե գործող Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության նպատակը բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելն է, ապա նոր նախագծով դրան ավելացվում է «և խաղաղություն ապահովելու» ձևակերպումը։ Միաժամանակ պահպանվում է արտաքին քաղաքականությունը միջազգային իրավունքի հիման վրա իրականացնելու սկզբունքը։

Ի՞նչ է փոխվել գործող Սահմանադրության համեմատ

Գործող Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»։

Նոր նախագծի 8-րդ հոդվածում նույն դրույթը լրացվել է խաղաղության ապահովման նպատակով։

Գործող Սահմանադրություն Նոր նախագիծ
Հոդված 13․ «Արտաքին քաղաքականությունը» Հոդված 8․ Նույն վերնագիրը
Արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա Դրույթը պահպանվել է
Նպատակ է սահմանվում բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելը Դրույթը պահպանվել է
Խաղաղության ապահովումն այս հոդվածում առանձին չի հիշատակվում Ավելացվել է «և խաղաղություն ապահովելու» ձևակերպումը

 

Նոր նախագծում խաղաղության գաղափարն ընդգծվում է նաև նախաբանում, որտեղ նշվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությունը։

Ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանն ավելի վաղ անդրադարձել էր գործող Սահմանադրության 13-րդ հոդվածին։

2025 թվականի որոշմամբ ՍԴ-ն արտաքին քաղաքականության սահմանադրական հիմնարար սկզբունքներ է առանձնացրել բարիդրացիականությունը, այլ պետությունների հետ հարաբերությունների փոխշահավետությունը և միջազգային իրավունքի նորմերով կանոնակարգվածությունը։

Դատարանը նաև արձանագրել է, որ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման լիազորությունը պատկանում է Կառավարությանը, ինչը ներառում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, համագործակցության ուղղությունների և միջազգային կազմակերպություններին անդամակցության քաղաքական նպատակահարմարության որոշումը։

 

Անահիտ Խաչատրյան

Leave a comment