Եկեղեցական զգեստից մինչև 845 հզ․ դրամանոց շախմատի հավաքածու. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը 2025-ին

Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին մի շարք երկրներ կատարած այցերի շրջանակում ստացել է բազմաթիվ նվերներ, որոնց գինը սկսվում է 40 000 դրամից և հասնում մինչև 845 000 դրամի: Դրանց մասին տեղեկատվությունն առկա է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքէջում, սակայն, ինչպես 24News-ին տեղեկացրին հանձնաժողովից, նկարները հրապարակման ենթակա չեն: Այդուհանդերձ, ձեզ ենք ներկայացնում առավել ուշագրավ նվերները:

Նիկոլ Փաշինյանը 2025թ-ին ամենաթանկ նվերները ստացել է Վրաստան կատարած այցի շրջանակում՝ գիտության, կրթության և երիտասարդության նախարարի կողմից՝ 845 000 դրամ արժողությամբ շախմատի հավաքածու՝ գինու և գինեգործության թեմայով, իսկ պաշտպանության նախարարի կողմից՝ 740 000 դրամ արժողությամբ էմալապատ նկար: Հարևան երկրի նախագահի կողմից Փաշինյանը ստացել է 425 000 դրամ արժողությամբ ձեռագործ արծաթապատ եղջյուր գինի խմելու համար:

Իրանի պաշտոնյաներից ևս Նիկոլ Փաշինյանը ստացել է թանկ նվերներ: Oրինակ՝ ԻԻՀ նախագահը նվիրել է 347 000 դրամ արժողությամբ քաղցրավենիքի ձեռագործ անոթ, պաշտպանության նախարարը՝ Թավրիզի պատկերազարդ գորգ, գինը` 502 000 դրամ:

Ֆրանսիայի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանը արժանացել է 331 000 դրամ արժողությամբ «Dupont» ապրանքանիշի գրչի, իսկ արտաքին գործերի նախարարի կողմից՝ 127 000 դրամ արժողությամբ տղամարդու հագուստի թևքածալի վրա տեղադրվող ճարմանդի, ինչպես նաև 336 000 դրամ արժողությամբ կլոր ճենապակյա զարդատուփի՝ ոսկեգույն զարդանախշով:

Չինաստանի նախագահը ևս շռայլ է գտնվել նվերների հարցում․ Նիկոլ Փաշինյանին Չինաստան կատարած այցի շրջանակում նվիրել է «Միասին խաղաղության համար» անունը կրող էմալապատ անոթ՝ զուն, որը նախատեսված է չինական ավանդական գինի ըմպելու համար: Գինը ըստ ԿԿՀ-ի կայքի՝ 403 000 դրամ է: Չինաստանի նախագահը նաև նվիրել է ծաղկաման՝ 370 000 դրամ արժողությամբ:

Նիկոլ Փաշինյանը Կիլիկիո Կաթողիկե պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանից ստացել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը օգոտգարծվում է պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի վանքի թանգարանում: Այս նվերը ԿԿՀ-ի կայքում գնահատված է 317 000 դրամ:

ՀՀ իշխանության ղեկավարը ԵՄ-Հայաստան խորհրդակցության գործընկերության կոմիտեի նախագահից ստացել է «Waldmann Edelfeder» ապրանքանիշի երկու գրիչ՝ գնդիկավոր և փետրավոր, որոնց գինը 232 000 դրամ է, Ալմաթիի քաղաքապետի կողմից՝ 365 000 դրամ արժողությամբ «Սպիտակ յուրտ լեռներում» վերնագրով նկար, Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարի կողմից՝ «Հողմաղաց» ափսե՝ 196 հազ. դրամ արժողությամբ, Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահից 176 000 դրամի արժողությամբ մատե խմելու համար նախատեսված ավանդական պարագաներ։

Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել նաև Հռոմի պապ Լևոն 14-րդի կողմից՝ պաշտոնական արծաթե հուշամեդալ և ոսկեզօծ բարձրաքանդակ, որոնց արժեքները գնահատվել է 52 000 դրամ և 309 000 դրամ.

Հետաքրքիր է նաև, որ ՀՀ իշխանության ղեկավարը Վիետնամի ԱԺ նախագահի կողմից նվեր է ստացել կանացի շարֆ՝ 45 000 դրամ արժողությամբ:

Նշենք, որ ըստ օրենքի՝ պաշտոնատար անձը կարող է իրեն պահել մինչև 60 000 դրամ արժողությամբ նվերները, սակայն 40 000 դրամից բարձր գին ունեցողները պետք է հաշվառվեն: Եթե այս վներները գերազանցում են 60 000 դրամը, հանձնվում են պետական գույքի կառավարմանը,

Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական սեփականություն դարձած նվերների հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ Արման Գալստյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ 60 000 դրամը գերազանցող նվերները տրամադրում են տարբեր մարմինների, օրինակ՝ թանգարաններին, դնում սակարկության, իսկ դրանց մի մասը թողնում են տվյալ պետական մարմնի օգտագործմանը: Պաշտոնյան նշեց նաև, որ նախորդ տարի Փաշինյանի՝ 60 000 դրամը գերազանցող նվերներից մոտ 20-30-ը հանձնվել է կառավարության տնօրինմանը:

Հասմիկ Կիրակոսյան

—00—ՄԱ

Leave a comment