Շնորհավորելով Փաշինյանին «նրա խիզախ առաջնորդության համար»` Թրամփը նշել է, որ նա ընտրել է խաղաղության ուղին և աշխատոել է ամերիկյան կողմի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը վերջ դնելու համար
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդես է եկել ուղերձով TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով։
«Հատուկ ողջույն Հայաստանում բոլորին՝ այս աներևակայելի ուրախալի առիթով, երբ պաշտոնապես մեկնարկում եք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Ես շատ հպարտ եմ դրանով», – նշված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակել է ՀՀ կառավարությունը։
Շնորհավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «նրա խիզախ առաջնորդության համար»` Թրամփը նշել է, որ նա ընտրել է խաղաղության ուղին և աշխատոել է ամերիկյան կողմի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը վերջ դնելու համար։
«Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և բոլորովին նոր՝ TRIPP զարգացման ընկերության մեկնարկով», – ընդգծել է նա։
Թրամփը նաև ցանկություն է հայտնել հաջորդ տարի Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն, երբ նա կժամանի Վաշինգտոն՝ մասնակցելու Ազգային աղոթքի նախաճաշին՝ նշելով, որ անհամբեր սպասում է հանդիպմանը, որտեղ նրանք կարող են քննարկել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղել տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տալ երկկողմ կապերին։
«Չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը, և ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար։
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը։
Նախագծով նախատեսվում է երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացում։ Համաձայն շրջանակային համաձայնագրի՝ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն ու իրավասությունը իր տարածքում գտնվող նախագծի ենթակառուցվածքների նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ AECOM միջազգային ինժեներական-խորհրդատվական ընկերության մասնագետներն իրականացրել են TRIPP-ի իրականացման տարածքի հետազոտություն՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման համար։