Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են

Նոյեմբերի 20-ին Լեհաստանի տարածքում ընկած բոլոր երեք օբյեկտները ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են եղել։ Այս մասին հայտնել է Լյուբլինի շրջանային դատախազությունը, փոխանցում է  Current time-ը։

Դատախազության նախնական տվյալներով՝ բոլոր հրթիռներն արտադրվել են 2026 թվականի չորրորդ եռամսյակում՝ Մոսկվայի մարզի Դուբնա քաղաքի գործարանում։ Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել էր, որ ընկել են երկու հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք։ Սակայն բեկորների փորձաքննությունը ցույց է տվել, որ երրորդ սարքը նույնպես Х-101 հրթիռ է եղել։

Նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան մեկ հրթիռ ընկել էր Լեհաստանի Լյուբլինի, ևս երկուսը՝ Անդրկարպատյան վոյևոդության տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված էին հասցրել Ուկրաինայի արևմտյան շրջաններին։ Այդ գիշեր ռուս զինվորականներն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են ավելի քան 400 հարվածային անօդաչու թռչող սարք և 110 հրթիռ, որոնցից 27-ը՝ բալիստիկ։

Լեհաստանն օդ էր բարձրացրել կործանիչներ, իսկ երկրի Պաշտպանության նախարարությունում հրատապ խորհրդակցություն էր անցկացվել, որին հրավիրել էր նաև երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Նոյեմբերի 23-ին միջադեպը Բրյուսելում կքննարկի Հյուսիսատլանտյան խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների լիազոր ներկայացուցիչները։

Leave a comment