Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է նոր անկախ սահմանադրական մարմին ստեղծել՝ Դատախազական խորհուրդը։ Դատախազական համակարգի համար նման սահմանադրական մարմին այժմ գոյություն չունի։ Այն պետք է երաշխավորի դատախազների և դատախազական համակարգի անկախությունն ու գործունեության արդյունավետությունը։
Խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից (5 դատախազ անդամ և 5 դատախազ չհանդիսացող իրավաբան գիտնականներ/հեղինակավոր իրավաբաններ, որոնցից 1-ն ընտրվելու է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ)։ Անդամներին ընտրելու է Ազգային ժողովը 3/5 ձայներով՝ 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի։ Գլխավոր դատախազը և նրա տեղակալները չեն կարող լինել խորհրդի անդամ։
Խորհուրդը կազմելու է դատախազների թեկնածուների/առաջխաղացման ցուցակները, լուծելու է դատախազների կարգապահական պատասխանատվության հարցերը, հարուցելու է քրեական հետապնդում Գլխավոր դատախազի նկատմամբ, ինչպես նաև ԱԺ է ներկայացնելու Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու միջնորդություն կամ եզրակացություն։
Գործող Սահմանադրությամբ՝ Գլխավոր դատախազն ընտրվում էր 6 տարի ժամկետով․ նույն անձը չէր կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել այդ պաշտոնում։ Առաջարկվում է կարգավորումը փոխել․ Գլխավոր դատախազը կընտրվի 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։
Գլխավոր դատախազի թեկնածու դառնալու համար, գործող Մայր օրենքով, պարտադիր պահանջների թվում է 35 տարին լրացած լինելը։ 35 տարեկանի նվազագույն տարիքային շեմը նոր Սահմանադրության տեքստից հանված է։ Պահանջվում է բարձրագույն իրավաբանական կրթություն, առնվազն 10 տարվա մասնագիտական փորձառություն, ՀՀ քաղաքացիություն և ընտրական իրավունք։
Գլխավոր դատախազի ընտրությունը, գործող Սահմանադրությամբ, կատարվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։ Ավելացվել է նոր ընթացակարգ․ եթե առաջին փուլում (3/5 ձայներով) Գլխավոր դատախազ չի ընտրվում, անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որտեղ Գլխավոր դատախազն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Նոր նախագծում դատախազության բնորոշման մեջ ավելացվել է «անկախ» բառը («Դատախազությունը միասնական անկախ համակարգ է»)։
2015 թ. Սահմանադրության մեջ դատախազության համար առանձին սահմանադրական գործառույթ էր նշված «պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը», որը նոր նախագծից դուրս է մնացել։
Եվգենյա Համբարձումյան